ՌԴ-ում օդատիեզերական ուժերի ստեղծման մասին իրարամերժ տեղեկություններ են

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ անանուն աղբյուրի, հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերում մտադիր են միացնել ռազմաօդային ուժերն ու ռազմատիեզերական պաշտպանության զորքերը և արդյունքում ստանալ զինված ուժերի նոր տեսակ՝ օդատիեզերական ուժեր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հրապարակումից հետո ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի գործակալությունը հրապարակել է թեմայի հերքումը: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ռազմաօդային ուժերի ու ռազմատիեզերական պաշտպանության զորքերի միացումը անհնարին է, իսկ նման կազմավորում ստեղծելու մասին տեղեկատվությունը՝ անհեթեթություն:

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ

Սակայն երկու գործակալություններն էլ մինչև հիմա հղում են արել միայն անանուն աղբյուրների, իսկ ՌԴ զինված ուժերից առայժմ պաշտոնական պարզաբանում չկա:

Նոր կազմավորումն, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Ռուսաստանում պաշտոնապես նախատեսում են ներկայացնել 2014-ի դեկտեմբերին: Զինված ուժերի նոր զորատեսակի կազմավորման մտադրությունը ներկայում քննարկման փուլում է, ուսումնասիրվում են հնարավոր մոտեցումներն ու տարբերակները:

Մինչ դեկտեմբեր Ռուսաստանի զինված ուժերում մտադիր են վերջնականապես ձևակերպել նոր զորատեսակի կառուցվածքը: Նախատեսված է, որ օդատիեզերական ուժերի մեջ մտնելուց հետո ինչպես ռազմաօդային ուժերն, այնպես էլ ռազմատիեզերական պաշտպանության ուժերը պահպանելու են իրենց ներքին կառուցվածքները: Նոր զորքերի մեջ կմտնեն նաև հրթիռային ու հրետանային ստորաբաժանումներ, որոնք զինված կլինեն մասնավորապես Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

Նախատեսվում է, որ նոր կազմավորվող զորատեսակի հրամանատարը կունենա 4 տեղակալներ՝ ռազմատիեզերական պաշտպանության, ռազմաօդային, հակահրթիռային պաշտպանության ու ՀՕՊ զորքերի գծով: Հավանական է համարվում, որ նոր զորատեսակի հրամանատարի պաշտոնում կնշանակվի գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին, ով ներկայումս ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետն է:

Հատկանշական է, որ 2011-ի դեկտեմբերի 1-ին են ստեղծվել նաև ռազմատիեզերական (օդատիեզերական) պաշտպանության զորքերը: Այն ժամանակ զինված ուժերի նոր ստորաբաժանումը ստեղծվել է ՌԴ ԶՈւ տիեզերական զորքերի ու ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերի ռազմատիեզերական պաշտպանության օպերատիվ ռազմավարական հրամանատարության զորամասերի ու կազմավորումների հիմքի վրա:

2 responses to “ՌԴ-ում օդատիեզերական ուժերի ստեղծման մասին իրարամերժ տեղեկություններ են

  1. Pingback: Ռուսաստանում նորից տարածվում են օդատիեզերական ուժերի ստեղծման մասին տեղեկություններ | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ ԶՈւ կազմում ստեղծվել են օդատիեզերական զորքեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *