Նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպայի։ Ավելի ուշ Բաքվի Սաբայիլ շրջանի դատարանը որոշել է վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Կալանավորվածները մեղադրվում են կոռուպցիոն գործունեության համար։
Այս մասին հուլիսի 28-ին հայտնել է ադրբեջանական Haqqin.az լրատվակայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվական կայքը նույն օրը փորձել է երկրի գլխավոր դատախազությունից ճշտել ձերբակալվածների անունները, ինչը, սակայն, չի հաջողվել։
Հուլիսի 29-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է կալանավորման մասին տեղեկությունը և հավելել, որ այդ պաշտոնյաների՝ կոռուպցիոն գործունեության վերաբերյալ նյութերը հավաքվել են գլխավոր ռազմական տեսչությունում ու հետաքննության համար փոխանցել են գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով գլխավոր վարչություն։
Նշվել է նաև, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս թույլ են տվել օրենքի կոպիտ խախտումներ։
Նշենք, որ կոռուպցիոն սկանդալի մասին տեղյակ է նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը, և գործը վարվում է վերջինիս անմիջական վերահսկողությամբ։
Հիշեցնենք, որ գլխավոր ռազմական տեսչության ղեկավարը, որն ի պաշտոնե վերահսկում և աուդիտ է իրականացնում Ադրբեջանի ԶՈւ բոլոր ստորաբաժանումներում, Գարադաղի շրջանի նախկին զինկոմիսար, Ադրբեջանի ազգային հերոս Ֆահրեդդին Ջաբրայիլովն է։ Վերջինս այս պաշտունում նշանակվել է Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո։
Հիշեցնենք, որ 2015-ի առաջին կիսամյակում Ադրբեջանում ավարտվել և զինվորական դատարան է ուղարկվել զինված ուժերում կոռուպցիոն գործունեության մեղադրանքով ևս 43 հոգու նկատմամբ հարուցված 25 քրեական գործ։
Pingback: Հայտնի են ադրբեջանական բանակում կոռուպցիոն սկանդալի պատճառ դարձած սպաների անունները | Ռազմ.info