Ադրբեջանի ռազմածովային ուժերի՝ 205 նախագծի 2 պարեկային և մեկ քարշակ նավ մտել են Դաղստանի Մախաչկալա քաղաքի նավահանգիստ՝ մասնակցելու «Կասպյան գավաթ-2015» մրցույթին, որը կկայանա օգոստոսի 3-15-ը։ Այս մասին հուլիսի 29-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Պաշտոնական արարողությունից հետո մրցույթի մասնակից կասպյան երեք երկների՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները նավարկել են ՌԴ Կասպյան նավատորմիղի «Դաղստան» հրթիռային նավով։ Ռուսաստանի նավաստիներն իրենց ղազախստանցի և ադրբեջանցի գործընկերներին ներկայացրել են երթուղին ու օդային թիրախներ խոցելու առաջադրանքների կատարման կարգը։ Այս մասին նշված է եղել ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության հուլիսի 29-ի հաղորդագրությունում։
Նշենք, որ «Կասպյան գավաթ 2015» մրցույթը մտնում է օգոստոսի 1-ից 16-ը Ռուսաստանում անցկացվելիք «Բանակային միջազգային խաղեր-2015» մրցաշարի մեջ, որն այս տարի անցկացվելու է առաջին անգամ: Այն միավորելու է այնպիսի մրցումներ, ինչպիսիք են «Տանկային բիաթլոնը», «Ավիադարտսը» և մի քանի այլ մրցույթներ, որոնք մինչ այս անցկացվում էին առանձին-առանձին:
Օգոստոսի 1-ին մեկնարկող մրցաշարի մրցույթներից Հայաստանը մասնակցում է միայն Տանկային բիաթլոնին, ինչպես նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Վաղինակ Սարգսյանը: Այս մրցույթին մասնակցելու համար հայկական զինված ուժերից ընտրված լավագույն տանկային անձնակազմերն արդեն մեկնել են Մոսկվա։
Pingback: Ադրբեջանի ՌԾՈւ-ն մինչև տարեվերջ Կասպից ծովում կմասնակցի 2 միջազգային զորավարժության | Ռազմ.info