Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին

Հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» խմբավորման հետ սկսված բախման հետևանքով Թուրքիայի զինված ուժերը հուլիսի լույս 24-ի գիշերն օդ են բարձրացրել 3 միավոր F-16 կործանիչ: Վերջիններս ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին, ինչի հետևանքով սպանվել է շուրջ 35 գրոհային: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Թուրքիայի հարավային Քլիիսի շրջանի Սեվե գյուղի հանդիպակաց կողմում` Սիրիայի սահմանում գտնվող Բաբ շրջանին, որը ԻՊ-ի հենակետերից մեկն էր այդ գոտում:

Ավիահարվածների հետևանքով, թուրքական կողմի պնդմամբ, սպանվել է 35 գրոհային, որից հետո կործանիչները վերադարձել են Դիարբեքիրի ավիաբազա: Նշվում է, որ ԻՊ-ի դիրքերը նախապես հետախուզվել են անօդաչու թռչող սարքերով:

Բացի այդ, Թուրքիայի զինված ուժերը նաև տանկեր և այլ զրահատեխնիկա է կենտրոնացրել բախման շրջանում, ինչպես նաև ավելի արևելք տեղակայված Քարքամըշ գավառում և կրակի տակ առել սիրիական Ջերաբլուս քաղաքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվել էր թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել էին: Այս միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերը բախման շրջան էր ուղարկել զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանում:

One response to “Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *