Հայկական զինված ուժերից ընտրված լավագույն տանկային անձնակազմերը մեկնել են Մոսկվա, որտեղ ներկայում նախապատրաստվում են «Տանկային բիաթլոն 2015» մրցույթին, որը մի շարք այլ մրցույթների հետ ընդգրկված է լինելու այս տարի առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր 2015» մրցույթի մեջ։
Տանկային անձնակազմերի մեկնումը Ռազմինֆոյին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Ռուսաստանում հայաստանյան պատվիրակությանը ջերմ ընդունել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ու իրենց աջակցությունը հայտնել։
Հայաստանի՝ տանկային բիաթլոնի անձնակազմի ընտրության մասին ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Մարտիկ» հաղորդաշարը։ Հաղորդման ընթացքում նշվում է, որ մրցույթին մասնակցելու համար հայկական զինված ուժերից մրցումների միջոցով ընտրվել են լավագույն տանկիստները, որոնք ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս հիմնականում ժամկետային զինծառայողներ են։
Այս տարվա միջազգային տանկային բիաթլոնին պատրաստվելիս անձնակազմերին իրենց խորհուրդներով օգնել են նաև նախորդ տարի Մոսկվայում անցկացված մրցույթին երկրորդ տեղը զբաղեցրած հայաստանցի տանկիստները։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Մոսկվայում անցկացված Տանկային բիաթլոն 2014 մրցույթին Հայաստանը ներկայացնող տանկիստները 12 երկրների պայքարում զբաղեցրել են 2-րդ պատվավոր տեղը՝ զիջելով միայն տանտերերին՝ Ռուսաստանի տանկիստներին։
Տանկային բիաթլոնը (ՏԲ) զինված ուժերում տանկերով անցկացվող մրցույթ է, որի ժամանակ տանկային անձնակազմերը մրցում են տանկերով երթի, արգելքներ հաղթահարելու, կրակելու, ինչպես նաև ֆիզիկական վարժությունների մեջ։
Տանկային բիաթլոնի մասին բոլոր ամենահետաքրքիր տեղեկությունները կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:
Ավելացնենք, որ այս տարի «Տանկային բիաթլոնը» միավորվել է բանակային մի շարք այլ մրցույթների, ինչի արդյունքում ձևավորվել է «Միջազգային բանակային խաղեր» մրցույթը, որն անցկացվելու է օգոստոսի 1-ից 16-ը Ռուսաստանում։
Pingback: Armday – Տանկային բիաթլոնի մասնակից հայաստանյան անձնակազմը մեկնել է Մոսկվա
Pingback: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են հյուրընկալվել «Բանակային միջազգային խաղեր-2015» մրցաշարին | Ռազմ.info