Հուլիսի 22-ին Վրաստանում ավարտվեց դեռևս հուլիսի 8-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2015 զորավարժությունը, որն անցկացվում էր Հյուսիսատլանտյան Դաշինքի՝ Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի (NATO-Georgia substantial package) շրջանակներում։
Հուլիսի 23-ին ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը հրապարակել է զորավարժության վերաբերյալ տեսանյութ՝ նշելով, որ Վրաստանը հյուրընկալել էր մոտ 700 զինծառայողի։
Նշենք, որ հուլիսի 21-ին էլ Վազիանի զորավարժարանում անցկացվել են Agile Spirit 2015 զորավարժության եզրափակիչ դաշտային վարժանքները, որին ներկա են եղել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն, պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներ, ինչպես նաև այդ երկրում հավատարմագրված երկրների ռազմական կցորդները, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջեյմս Դոննելլան, ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի ուսումնական կենտրոնի ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Լասլո Ջաբոն։
Եզրափակիչ սցենարով՝ Վրաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և ԱՄՆ զինծառայողները բնակելի վայրում մարտական գործողություն են իրականացրել, գրոհով վերցրել պայմանական հակառակորդի զբաղեցրած բնագծերը, զինծառայողների մի մասին գերի են վերցրել։ Գործողությունների ընթացքում օգտագործվել է զրահատեխնիկա, իսկ ամերիկյան բազմանպատակային UH-1Н «Իրոկեզ» ուղղաթիռի միջոցով տարհանվել են պայմանական վիրավորները։

Պայմանական վիրավորներին տարհանելու համար օգտագործվել է ամերիկյան բազմանպատակային UH-1Н «Իրոկեզ» ուղղաթիռը
Ցուցադրական զորավարժության ավարտից հետո Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Ռոման Ջոխաձեն հայտարարել է, որ այս զորավարժությունները ցույց տվեցին, որ վրաստանցի զինծառայողները պատրաստ են մասնակցել ինչպես ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող բազմազգ զորավարժությունների, այնպես էլ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NATO Response Force – NRF) գործողություններին։
Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն էլ հայտարարել է, որ սա առաջին լուրջ զորավարժություն էր Վրաստանում, որն անցկացվեց Վրաստանին՝ Ուելսի 2014 թվականի գագաթաժողովում տրված համագործակցության նոր փաթեթի շրջանակներում։
«ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացումից հետո (նախատեսվում է ս․թ․ օգոստոսին) նմանատիպ զորավարժությունները մշտական կլինեն Վրաստանում, որը ոչ միայն կբարձրացնի երկրի հնարավորությունները, այլ նաև գործընկեր երկրներին ավելի ակտիվ համագործակցելու հնարավորություն կլինի», — հայտնել է Լահյուն։
Հիշեցնենք, որ զորավարժության ընթացքին հուլիսի 19-ին հետևել են նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։
Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությանը մասնակցել են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի և Լատվիայի զինված ուժերի զինծառայողները։
Զորավարժությանը վրաստանյան կողմից ներգրավված են եղել ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի զինծառայողները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ ծովային հետևակի մոտ 220 զինծառայող Սևծովյան տարածաշրջանի հերթափոխային ուժերից (տեղակայման վայրը՝ Ռումինիա) և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 2-րդ դիվիզիայի 10-րդ գնդի զինծառայողներ (Քեմփ Լեժեն, Հյուսիսային Կարոլինա): Մասնակից մյուս երկրները ներկայացված են եղել մեկական դասակներով։ Զորավարժության ընթացքին հետևում են ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչները։ Որպես դիտորդ մասնակցել են նաև Հայաստանի և Մոլդովայի զինված ուժերի ներկայացուցիչները։
Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են 2011 թվականից։ 2014-ի զորավարժությունն անցկացվել է հունիսի 14-ից 21-ը՝ Վազիանի զորավարժարանում։ Այդ ժամանակ ներգրավված էին ԱՄՆ ավելի քան 250 և վրաստանցի 550 զինծառայող։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն 20 մլն դոլար ռազմական օգնություն կտրամադրի Վրաստանին | Ռազմ.info