Վրաստանը հնարավոր է ստորագրի ՀՕՊ համակարգերի ձեռքբերման եզրափակիչ համաձայնագիր

Հունիսի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին երկրի հանրային հեռուստաընկերության «Մուամբե» հաղորդման ժամանակ անդրադարձել է  օրեր առաջ Ֆրանսիայում կնքված, հավանաբար հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագրին։

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում

Խիդաշելին մասնավորապես հայտնել է. «Երբ տեխնիկան արդեն Վրաստանում լինի, մեր օդային տարածքը պաշտպանված կլինի, ինչից այժմ մենք ուղղակիորեն զրկված ենք։  Սա առավել նոր տեխնոլոգիա է երկրի օդային պաշտպանունակությունը բարձրացնելու համար։  Երկրորդ փուլում մենք նախատեսում ենք ստորագրել  երկրորդ պայմանագիրը, որով սկսված գործընթացն իր խելամիտ ավարտին կհասնի առանց որևէ խնդրի»։

Իր հերթին Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան «Ռեզոնանսի» պարբերանակնի հետ հարցազրույցում ասել է, որ չգիտի, թե ՊՆ-ն ինչ տեսակի սպառազինություն է գնում։ «Խորհրդարանի մեր կուսակցության անդամներից մեկը պահանջել է, որ տիկին Խիդաշելին վստահության խմբի ձևաչափով ցույց տա այդ համաձայնագիրը։ Դրանից հետո հնարավոր կլինի հետևություն անել արդյոք սա այն  հուշագիրն է, որ ես ստորագրել եմ, թե չէ», — ասել է Ալասանիան, փոխանցում է վրաստանյան Грузия онлайн լրատվակայքը։

Նշենք, որ Ալասանիան նկատի ունի այն հուշագիրը, որը ինքը, ըստ իր պնդումների, կնքել է Ֆրանսիայում 2014 թվականին, երբ պաշտոնական այցով Ֆրանսիայում էր։ Բացի այդ, Ալասանիան շեշտում է, որ ՀՕՊ այն միջոցները, որ նրանք ցանկացել են ձեռք բերել նախատեսված են «Տոչկա-Ու» և «Իսկանդեր» տեսակի հրթիռներից պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։

Թեև ՊՆ տարածած հաղորդագրության մեջ չէր մասնավորեցվում՝ հատկապես ինչ տեսակի հակաօդային պաշտպանության միջոցի մասին է խոսքը, սակայն հրապարակված լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ վրաստանյան կողմին ներկայացվում է ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը և Ground Master 200 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը: Չի բացառվում, որ խոսքը հենց այս միջոցների մասին է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *