ՌԴ ՌՕՈւ-ն զորավարժություն է սկսել Ղրղզստանում

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը զորավարժություն են սկսել Ղրղզստանի Իսսիկ-Կուլ լճի ափին գտնվող «Էդելվեյս» լեռնային զորավարժարանում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշուպկինը: Հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Սու-25ՍՄ գրոհիչներ

Սու-25ՍՄ գրոհիչներ

Զորավարժությանը մասնակից «Օրլան» և «Ֆորպոստ» անթօդաչու թռչող սարքերի օպերատորների և Մի-8ՄՏՎ բեռնատար ուղղաթիռների օդաչուների խնդիրն է գտնել պայմանական թշնամու կրակային կետերը, ռազմական բազաներն ու ճամբարները, իսկ Սու-25ՍՄ գրոհիչ ինքնաթիռները թռիչքներ են իրակացնում՝ ռումբեր և չկառավարվող հրթիռներով ոչնչացնելով հայտնաբերված թիրախները:

Նշենք, որ Ղրղզստանում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ և ՌՕՈւ «Կանտ» ավիաբազան, որը համարվում է ՀԱՊԿ արագ արձագանքման համատեղ ուժերի բաղադրամաս ու իրականացնում է ՀԱՊԿ անդամ պետությունների ցամաքային և օդային տարածքի անվտանգության ապահովման առաջադրանքներ։

Կանտ ավիաբազայի շահագործման պայմանագիրը Ռուսաստանն ու Ղրղզստանը կնքել են 2003-ի սեպտեմբերին 15 տարի ժամկետով: Այստեղ ծառայություն են անցնում ՌԴ զինված ուժերի շուրջ 250 սպա և ժամկետային 150 զինծառայող:  2009 թվականին Ռուսաստանը, համաձայն միջպետական համաաձայնագրի, Ղրղզստանից 49 տարով վարձակալել է «Կանտ» ավիաբազան։ Ըստ համաձայնագրի՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել 25 տարով։ Ըստ այդմ՝ ամեն տարի Մոսկվան Բիշքեքին վճարում է ավելի քան 4,5 մլն ԱՄՆ դոլար։

Ավիաբազան համալրված է գերազանցապես ՍՈւ-25 գրոհիչներով, Մի-8 բեռնատար ուղղաթիռներով և Իլ-76 բեռնատար ինքնաթիռներով: Ուշագրավ է, որ ռուսաստանյան ավիաբազայից ընդամենը 30 կմ հեռու է Մանաս ավիաբազան, որը Ղրղզստանը շահագործման է հանձնել ԱՄՆ զինված ուժերին:

Նշենք, որ այժմ ՌԴ ԶՈւ զորավարժություններ են ընթանում նաև ՌԴ Լիպեցկի մարզում ու Օխոտի ծովում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *