Թուրքիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմաօդային ուժերի խոշոր զորավարժություն

Թուրքիայում հունիսի 8-ին մեկնարկել է ամենամյա «Անատոլիայի արծիվ-2015/1» (Anadolu Kartalı-2015/1) ՌՕՈւ միջազգային զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 19-ը։ Զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների, ինչպես նաև Պակիստանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին հունիսի 8-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կոորդինացմամբ երկրի Քոնիա քաղաքում տեղակայված 3-րդ ավիաբազայում անցկացվող վարժանքներին ներգրաված են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Պակիստանի, Գերմանիայի, Իսպանիայի և ՆԱՏՕ-ի միացյալ ռազմաօդային ուժերի 32 ինքնաթիռ, Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ՝ 58 միավոր ինքնաթիռ, 5 միավոր ուղղաթիռ, մեկ ֆրեգատ և հրթիռային 2 կատեր։

Զորավարժության նպատակը ինքնաթիռներով և ուղղաթիռներով ռազմական գործողության իրականացման հմտությունների զարգացումը և վարժանքներին մասնակցող տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության խորացումն է, ինչպես նաև ստորաբաժանումների՝ օդային պաշտպանության և որոնողափրկարարական ունակությունների բարձրացումը։

Հավելենք, որ «Անատոլիայի արծիվ» անունը կրող զորավարժությունն անցկացվում է 2001-ից՝ տարեկան երկուսից չորս անգամ։ 2014-ի ապրիլին անցկացված վարժանքներին մասնակցել են միայն Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները՝ մասնավորապես, ՌՕՈւ, ցամաքային զորքերի և ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները։

Հավելենք, որ «Անատոլիայի արծիվ» վարժանքների կազմակերպման շտաբը տեղակայված է Քոնիայում՝ ԶՈւ ՌՕՈւ 3-րդ ավիաբազայում։

2 responses to “Թուրքիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմաօդային ուժերի խոշոր զորավարժություն

  1. Pingback: Եվրոպայում ընթացքի մեջ է ՆԱՏՕ 4 զորավարժություններից կազմված շարքը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ՌՕՈւ զորավարժության մասին մանրամասներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *