ԻՊ դեմ պայքարի համատեքստում Մեծ Բրիտանիան ընդլայնում է իր ներկայությունն Իրաքում

Հունիսի 7-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդլայնել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվողների մարզումների ծրագրում իր մասնակցությունը: Քեմերոնը հավելել է, որ Իրաքի կառավարական ուժերն ԻՊ դեմ պայքարում ավելի մեծածավալ օժանդակության կարիք ունեն, հայտնում է բրիտանական Reuters լրատավական գործակալությունը:

Բրիտանացի մարզիչներն Իրաքում

Բրիտանացի մարզիչներն Իրաքում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հունիսի 7-ին Գերմանիայում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ղեկավարների  հանդիպումից առաջ նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է Իրաք ուղարկել ևս 125 ռազմական խորհրդատու, որոնց գլխավոր խնդիրը լինելու է Իրաքի կառավարական ուժերին ինքնաշեն պայթուցիկներից պաշտպանվելու ու հակազդելու մեխանիզմների ուսուցանումը:

Այս ծրագրի իրագործումից հետո բրիտանացի ռազմական մասնագետների թիվն Իրաքում կհասնի 275-ի, իսկ այլ վայրերում միասին վերցրած՝  ընդհանուր առմամբ ԻՊ դեմ պայքարում ներգրավված բրիտանացի փորձագետների թիվը կանցի 900-ը:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան նաև առաջին երկրներից մեկն էր, որ միացավ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային, որը Սիրիայում և Իրաքում ավիահարվածներ է հասցնում ԻՊ դիրքերին, իսկ բրիտանացի զինվորական մարզիչների 60 հոգանոց առաջին խումբն Իրաք է ուղարկվել դեռևս այս տարվա մարտին:

Հավելենք նաև, որ G7-ը («Group of Seven», թարգմանաբար՝ «Մեծ յոթնյակ») ֆինանսատնտեսական ոլորտում աշխարհի առաջատար 7 պետությունների (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) հիմնած  «ակումբ» է, որը հիմնված չէ որևէ միջազգային պայմանագրի վրա, չունի քարտուղարության և կազմակերպությանը բնորոշ գծեր։ Սակայն ամեն տարի գումարվում են այդ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովներ, որոնց ընթացքում քննարկվում են համաշխարհային նշանակության տարբեր խնդիրներ։

Երեկ՝ հունիսի 7-ին, G7-ի ղեկավարները Գերմանիայում քննարկել են Ուկրաինայի ներկայիս իրավիճակը, «Իսլամական պետության» գրոհայինների դիմակայության հարցը և Էբոլա վիրուսի դեմ պայքարի կազմակերպման խնդիրները:

Նշենք նաև, որ 1997-ից 2014 թվականներին  գագաթնաժողովներին մասնկացել է նաև Ռուսաստանը, և այն անվանվել է G8: Վերջինիս հեռացումը պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով և Ղրիմի անեքսիայով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *