Ֆրանիսական «Միստրալ» ուղղաթիռակիր ռազմանավերի նմանությամբ Ռուսաստանը նախագծում է սեփական դեսանտային մեծ ռազմանավ: Նախագծումն արդեն մոտենում է ավարտին, ինչի մասին մայիսի 30-ին ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ռազմածովային ուժերի նավաշինության վարչության պետ, առաջին աստիճանի կապիտան (գնդապետ) Վլադիմիր Տրյապիչնիկովը:
Պաշտոնյայի խոսքով՝ ռուսաստանյան ռազմական արդյունաբերությունն ունակ է նմանատիպ ռազմանավ կառուցել: Ռազմանավի նախագծումն ավարտական փուլում է, և այդ նախագծով, հնարավոր է, կկառուցվի ռազմանավ:
Ռուսաստանում ուղղաթիռակիր նավեր կառուցելուն անդրադառնալով՝ ռուսաստանցի մեկ այլ պաշտոնյա՝ երկրի խորհրդարանի արդյունաբերության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիրի Գուտենևը, մայիսի 26-ին նշել էր, որ ռուսաստանյան նավաշինական ընկերութունները կարող են կառուցել ֆրանսիական «Միստրալների» նման ռազմանավեր, քանի որ այդ ռազմանավերի գծագրերը կան իրենց մոտ: Ավելին՝ պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը կարող է այդ ռազմանավերի վրա դնել ատոմային շարժիչներ:
Իսկ մինչ այդ շարունակվում են Ռուսաստանի և Ֆրանսիայի բանակցությունները՝ Ռուսաստանի համար կառուցված «Միստրալների» փոխարեն արդեն վճարված գումարը վերադարձնելու վերաբերյալ, քանի որ Ռուսաստանն արդեն պաշտոնապես հրաժարվել է ռազմանավերից և նախատեսում է հետ վերադարձնել հենց վճարած գումարը:
Սակայն երկու կողմերը դեռ չեն կարողանում համաձայնեցնել վերադարձվող գումարի կոնկրետ չափը: Խնդիրն այն է, որ պայմանագրով նախատեսված են եղել նաև տույժեր՝ գործարքի կատարումից հրաժարվելու դեպքում: Սակայն Ռուսաստանը հրաժարվել է տույժերից, և հիմա Ֆրանսիան պետք է վերադարձնի մայր գումարը, որը Ռուսաստանը վճարել է ռազմանավերի համար:
Սակայն, մյուս կողմից, ֆրանիսական կողմը պայմանագրի գործողության ընթացքում մարզել է ռուսաստանցի ծովայիններին, որոնք պիտի դառնային «Միստրալների» ապագա անձնակազմերը: Բաց այդ էլ, Ռուսաստանը բավական փորձ է կուտակել՝ կառուցելով ռազմանավերի նավախելերը:
Հավանաբար հենց այս հարցերով են պայմանավորված գումարի վերադարձի ձգձգվող բանակցությունները:
Ավելացնենք, որ դեռևս 2011-ին կնքված գործարքով Ֆրանսիան պարտավորվել էր երկու միավոր «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավեր կառուցել և փոխանցել Ռուսաստանին: Ռուսաստանը վճարել է գործարքով նախատեսված գումարի մի մասը: Սակայն հետագայում Ուկրաինական ճգնաժամի պատճառով ֆրանսիական կողմը որոշեց կասեցնել ռազմանավերի տրամադրումը մինչև ճգնաժամի լուծումը: Ներկայում ռազմանավերից երկուսն էլ արդեն պատրաստ են: Դրանցից մեկն արդեն փորձարկվել է, մյուսը՝ դեռ փորձարկումների փուլում է:
Ավելացնենք, որ «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի շարք խնդիրներ կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։
Pingback: Ֆրանսիան պատրաստ է Ռուսաստանին 1,3 մլրդ դոլար տալ «Միստրալների» դիմաց | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են «Միստրալների» վերաբերյալ | Ռազմ.info
Pingback: «Միստրալների» հարցը լուծվել է, Ռուսաստանը չի ստանա ռազմանավերը | Ռազմ.info