Ռուսաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են «Միստրալների» վերաբերյալ

Ֆրանսիայում կառուցված «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավերը Ռուսաստանին չեն տրամադրվելու, իսկ պաշտոնական Փարիզն ու Մոսկվան արդեն պայմանավորվածություն ունեն դրանց փոխարեն Ռուսաստանին փոխանցվելիք գումարի չափի և փոխանցման ժամկետների վերաբերյալ: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

Ռուսաստանի համար կառուցված ֆրանսիական «Վլադիվոստոկ» և «Սևաստոպոլ» ուղղաթիռակիր նավերը

Ռուսաստանի համար կառուցված ֆրանսիական «Վլադիվոստոկ» և «Սևաստոպոլ» ուղղաթիռակիր նավերը

Պաշտոնյան նշել է, որ համաձայնությունից հետո՝ ամենասուղ ժամկետներում, կհայտարարվի ռազմանավերի տրամադրման մասին գործարքի կասեցման մասին, և հենց այդ ժամանակ կհայտարարվեն նոր գործարքի մանրամասները և մասնավորապես՝ Ռուսաստանին փոխանցվելիք գումարի չափը:

Մինչ այս Ռուսաստանը և Ֆրանսիան բանակցում էին ֆրանսիական կողմի վճարվելիք գումարի կոնկրետ չափի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը հրաժարվել է տույժերից, որոնք պայմանագրով սահմանված էին, և հիմա Ֆրանսիան պետք է վերադարձնի մայր գումարը, որը Ռուսաստանը վճարել է ռազմանավերի համար:

Սակայն Ռուսաստանը ծախսեր է արել նաև «Միստրալների» համար ենթակառուցվածք ստեղծելիս: Մյուս կողմից, ֆրանիսական կողմը պայմանագրի գործողության ընթացքում մարզել է ռուսաստանցի ծովայիններին, որոնք պիտի դառնային «Միստրալների» ապագա անձնակազմերը: Բաց այդ էլ, Ռուսաստանը բավական փորձ է կուտակել՝ կառուցելով ռազմանավերի նավախելերը, սարքավորումները և այլն: Հավանաբար հենց այս հարցերով էին պայմանավորված գումարի վերադարձի ձգձգվող բանակցությունները:

Դեռևս 2011-ին կնքված գործարքով Ֆրանսիան պարտավորվել էր երկու միավոր «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավեր կառուցել և փոխանցել Ռուսաստանին: Ռուսաստանը վճարել է գործարքով նախատեսված գումարի մի մասը: Սակայն հետագայում Ուկրաինական ճգնաժամի պատճառով ֆրանսիական կողմը որոշեց կասեցնել ռազմանավերի տրամադրումը մինչև ճգնաժամի լուծումը: Ներկայում ռազմանավերից երկուսն էլ արդեն պատրաստ են: Դրանցից մեկն արդեն փորձարկվել է, մյուսը՝ դեռ փորձարկումների փուլում է:

Հիմա էլ Ռուսաստանում տարբեր աստիճանի պաշտոնյաներ հայտարարում են, որ կարող են սեփական «Միստրալներ» կառուցել, քանի որ տիրապետում են համապատասխան տեխնոլոգիաներին ու փորձին:

Ավելացնենք, որ «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի շարք խնդիրներ կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *