Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի հունիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ անձնակազմը շուրջ 656687 հազար մարդ է, ինչը մոտ 31 հազարով պակաս է մայիսին ներկայացված տվյալներից։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Սպաների ընդհանուր թիվը 39047 է, որից 32201-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6224-ը՝ ժանդարմերիայում, 622-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թվաքանակը նախորդ ամսվա համեմատ գրեթե փոփոխություն չի կրել։
Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 96021 է, որից 69565-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 24973-ը՝ ժանդարմերիայում, 1483-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը ևս նշանակալի փոփոխություններ չի կրել։
Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22520 է, պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 5388, որից 20-ը առափնյա անվտանգության ուժերում, իսկ 5368-ը՝ ցամաքային զորքերում։ Պայմանագրային սերժանտների և շարքայինների քանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է մոտ 350-ով։
Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 62403 է, որից 44509-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 17212-ը՝ ժանդարմերիայում, 682-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Նախորդ ամսվա համեմատ հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքակակն ավելացել է շուրջ 500-ով։
Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թիվը 378573 է, որից 282929-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 93086-ը՝ ժանդարմերիայում, 1758-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Մայիսին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ պարտադիր զինծառայողների թվաքանակն ընդհանուր առմամբ նվազել է շուրջ 31 հազարով, ինչն աննախադեպ ցուցանիշ է։
Մասնավորապես զինծառայողների թվաքանակը շուրջ 9 հազարով նվազել է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, իսկ ժանդարմերիայում նվազել է շուրջ 22 հազարով։ Պարտադիր զինծառայողների ընդհանուր թվաքանակը կտրուկ նվազումը հավանաբար կապված է «գումար ծառայության փոխարեն» օրենքի ներդրման հետ, ինչի շնորհիվ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն ստացան սահմանված վճարման դիմաց ազատվել պարտադիր զինծառայությունից։
Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52742 է, որից 48382-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3452-ը՝ ժանդարմերիայում, 908-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 656687 է, որից 483266-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 168239-ը՝ ժանդարմերիայում, 5474-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակը նվազել է շուրջ 9 հազարով, իսկ ժանդարմերիայում նվազել է ավելի քան 22 հազարով։ ԶՈւ ընդհանուր թվաքանակը նվազել է մոտ 31 հազարով (2015-մայիսի 1-ին ներկայացված տվյալներով Թուրքիայի ԶՈւ անձնակազմը 687089 էր)։
Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 37 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 35 տոկոսը, ժանդարմերիայում՝ 43 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 62 տոկոսը։ Ժանդարմերիայում ժամկետային զինծառայողների կտրուկ նվազման պատճառով շուրջ 5 տոկոսով ավելացել է պրոֆեսիոնալ զինծառայողների տոկոսային թիվը։