«Միստրալների» հարցը լուծվել է, Ռուսաստանը չի ստանա ռազմանավերը

Օգոստոսի 5-ի երեկոյան Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ վերջնականապես որոշել են կասեցնել «Միստրալ» ռազմանավերի վերաբերյալ երկու երկրների՝ 2011-ին կնքած պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայի նախագահի և Ռուսաստանի նախագահի կայքերը:

Ռուսաստանի համար կառուցված ֆրանսիական «Վլադիվոստոկ» և «Սևաստոպոլ» ուղղաթիռակիր նավերը

Ռուսաստանի համար կառուցված ֆրանսիական «Վլադիվոստոկ» և «Սևաստոպոլ» ուղղաթիռակիր նավերը

Երկու երկրների նախագահների պայմանավորվածության համաձայն՝ Ֆրանսիան ամբողջությամբ հատուցելու է «Միստրալների» համար Ռուսաստանի վճարումները և վերադարձնելու է ռազմանավերի վրա տեղադրված ռուսաստանյան արտադրության սպառազինությունն ու սարքավորումները: Դրա փոխարեն Ռուսաստանն ամբողջությամբ ֆրանսիական կողմի տրամադրությանն է թողնելու ռազմանավերը, Ֆրանսիան դրանք տնօրինելու է ամբողջության և իրավունք է ունենալու վաճառել կամ օգտագործել սեփական հայեցողությամբ: Այսքանով կողմերն այս հարցը համարել են լուծված:

Թեև նախագահների կայքերում հատուցվելիք գումարի չափը չի նշվում, բայց բրիտանական BBC լրատվակայքը նշում է, որ Ռուսաստանն արդեն հասցրել էր վճարել 1,2 միլիարդ ամերիկյան եվրո (1,3 մլրդ ամերիկյան դոլար) արժողությամբ պայմանագրի մոտ 840 միլիոն եվրոն:

Նախօրեին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնել էր, որ ռուսաստանյան մասնագետներն արդեն սեպտեմբերին պատրաստվում են մեկնել Ֆրանսիա՝ ռուսաստանյան արտադրության սարքավորումները ռազմանավերի վրայից հանելու և Ռուսաստան վերադարձնելու համար: Նշվում էր, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել ՌԴ ԶՈւ այլ ռազմանավերի վրա:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի՝ ռազմանավերը սեփական հայեցողությամբ օգտագործելուն, ապա գործարքի չեղարկման մասին առաջին խոսակցությունների ժամանակվանից պարբերաբար հայտնվում էին տեղեկություններ, ըստ որոնց՝ Ֆրանսիան ռազմանավերը կարող է վաճառել ԱՄՆ-ին, Կանադային և անգամ Չինաստանին: Որպես մեկ այլ տարբերակ նշվում էր, որ դրանցով կարող են տեղափոխել Միջերկրական ծովում նավաբեկության մեջ ընկած աֆրիկյան երկրների փախստականներին: Սակայն մինչև հիմա այդ տեղեկություններից ոչ մեկը չի հաստատվել:

Մինչ այս Ռուսաստանը և Ֆրանսիան բանակցում էին ֆրանսիական կողմի վճարվելիք գումարի կոնկրետ չափի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը հրաժարվել է տույժերից, որոնք պայմանագրով սահմանված էին, և հիմա Ֆրանսիան պետք է վերադարձնի մայր գումարը, որը Ռուսաստանը վճարել է ռազմանավերի համար:

Սակայն Ռուսաստանը ծախսեր է արել նաև «Միստրալների» համար ենթակառուցվածք ստեղծելիս: Մյուս կողմից, ֆրանիսական կողմը պայմանագրի գործողության ընթացքում մարզել է ռուսաստանցի ծովայիններին, որոնք պիտի դառնային «Միստրալների» ապագա անձնակազմերը: Բաց այդ էլ, Ռուսաստանը բավական փորձ է կուտակել՝ կառուցելով ռազմանավերի նավախելերը, սարքավորումները և այլն: Հավանաբար հենց այս հարցերով էին պայմանավորված գումարի վերադարձի ձգձգվող բանակցությունները:

Դեռևս 2011-ին կնքված գործարքով Ֆրանսիան պարտավորվել էր երկու միավոր «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավեր կառուցել և փոխանցել Ռուսաստանին: Ռուսաստանը վճարել է գործարքով նախատեսված գումարի մի մասը: Սակայն հետագայում Ուկրաինական ճգնաժամի պատճառով ֆրանսիական կողմը որոշեց կասեցնել ռազմանավերի տրամադրումը մինչև ճգնաժամի լուծումը: Ներկայում ռազմանավերից երկուսն էլ արդեն պատրաստ են: Դրանցից մեկն արդեն փորձարկվել է, մյուսը՝ դեռ փորձարկումների փուլում է:

Հիմա էլ Ռուսաստանում տարբեր աստիճանի պաշտոնյաներ հայտարարում են, որ կարող են սեփական «Միստրալներ» կառուցել, քանի որ տիրապետում են համապատասխան տեխնոլոգիաներին ու փորձին:

Ավելացնենք, որ «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի շարք խնդիրներ կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

One response to “«Միստրալների» հարցը լուծվել է, Ռուսաստանը չի ստանա ռազմանավերը

  1. Pingback: Ֆրանսիան «Միստրալները» վաճառում է Եգիպտոսին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *