Բացահայտվել է Թուրքիայից բեռնատարներով զենքի տեղափոխումը Սիրիա. տեսանյութ

Մայիսի 28-ին թուրքական «Ջումհյուրիեթ» պարբերականի կայքը հրապարակել է տեսանյութ, որում հստակ երևում է, որ 2014-ին հունվարին Թուրքիայի ազգային անվտանգության կազմակերպության ուղեկցությամբ Սիրիա գնացող բեռնատարները զենք են տեղափոխել:

Երեկ՝ մայիսի 28-ին, Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության գլխավոր քարտուղարի օգնականը խոստովանել է, որ այդ բեռնատարներով զենք էր տեղափոխվում, սակայն նշել է, որ դրանք նախատեսված էին ոչ թե ԻՊ-ի, այլ «Սիրիայի Ազատ բանակ» զինյալ խմբավորման համար:

Այսօր՝ մայիսի 29-ին թուրքական մեկ այլ՝ «Ռադիկալ» պարբերականի կայքում հարապարակված հոդվածում նշվում է, որ Ադանայի հանրապետական դատախազությունը «Ջումհյուրիեթ» պարբերականի դեմ հետաքննություն է սկսել «ահաբեկչական գործունեության» համար։ Դատավարությունը կապված է հենց հրապարակված տեսանյութի հետ:

Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ 2014 -ի հունվարին Թուրքիայի ազգային անվտանգության մեքենաների ուղեկցությամբ երկրի հարավարևմտյան Ադանա և Հաթայ նահանգներում ժանդարմերիայի զինծառայողների կողմից կանգնեցված բեռնատարներում դեղերի տուփերի տակ թաքցված է եղել հսկայական քանակությամբ զենք և զինամթերք։ Մասնավորապես տեսանյութում նշվում է 1000 ականանետի, 1000 հրանոթային արկի, գնդացրի 50 հազար փամփուշտի, 30 հազար ծանր գնդացրի (12.7 մմ) փամփուշտի մասին։

Սակայն, այս թվերն իրականում կարող են արտացոլել բեռնատարներով տեղափոխվող զինամթերքի միայն որոշակի մասը։ Ներառված չէ նաև Հաթայի նահանգում խուզարկված բեռնատարների զինամթերքը։

2014-ի հունվարի 19-ին Թուրքիայի Ադանա նահանգում ժանդարմերիայի կողմից խուզարկված բեռնատարում հայտնաբերված զենքերի նկար

2014-ի հունվարի 19-ին Թուրքիայի Ադանա նահանգում ժանդարմերիայի կողմից խուզարկված բեռնատարում հայտնաբերված զենքերի նկար

Խնդիրն այն է, որ 2014-ի հունվարին թուրքական ժանդարմերիայի՝ Ադանայի և Հաթայի վարչությունների աշխատակիցները խուզարկման համար կանգնեցրել էին ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից ուղեկցվող բեռնատարները։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, որ բեռնատարները օգնություն էին տանում Սիրիայում ապրող թուքմեններին, սակայն չէր նշել, թե դա ինչ բեռ էր։

Հետագայում բեռնատարները խուզարկողների նկատմամբ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել, որի մասին կարող եք կարդալ այստեղ:

Ադանայի դատարանը որոշել է արգելել այդ փաստաթղթերի և առհասարակ 2014-ի հունվարին բեռնատարների խուզարկմանը վերաբերող տեղեկությունների հրապարակումը, քանի որ դրանք վնասում են Թուրքիայի պետական շահերին: Դատարանը որոշում է կայացրել փակել կայքերի օգտատերերի էջերը, որտեղ տարածվել էր այդ տեղեկությունը, իսկ եթե կայքերը, մասնավորապես՝ Twiter-ը, հրաժարվեն փակել դրանք և հանել տեղեկությունն ամբողջությամբ, ապա Թուրքիայում պետք է փակվեին նաև կայքերն ամբողջությամբ։

2015-ի ապրիլի 5-ին Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի ԶՈւ 34 զինծառայողի ձերբակալման թույլտվություն էր տվել։ Մի քանի օր անց, սակայն, զինծառայողների մի մասը բաց թողնվեց։ Մնացած 19 զինծառայողների նկատմամբ դատական գործը դեռևս շարունակվում է։

Իսկ մայիսի 17-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հայտնած տեղեկությունից պարզ է դառնում, որ բեռնատարների ձերբակալման գործով ձերբակալվել է ևս 10 զինծառաող, որոնցից 3-ն ազատ է արձակվել, իսկ 7-ի նկատմամբ քննությունը դեռ շարունակվում է։ Ընդհանուր առմամբ բեռնատարների խուզարկման համար կա 47 ձերբակալված զինվորական և դատախազ։

Տեսանյութում Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Յասին Աքթայի խոստովանությունն է այն մասին, որ 2014-ի հունվարին Ադանայում խուզարկման համար կանգնեցված բեռնատարները զենք էին տեղափոխում։

2 responses to “Բացահայտվել է Թուրքիայից բեռնատարներով զենքի տեղափոխումը Սիրիա. տեսանյութ

  1. Pingback: Թուրքիայից Սիրիա բեռնատարներով զենք տեղափոխելու գործով ձերբակալվել է թուրքական բանակի 3 սպա | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիա զենք տանող թուրքական բեռնատարները խուզարկել թույլ տված դատախազները հեռացվել են պաշտոնից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *