Այսօր՝ մայիսի 30-ին, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ:Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը։
Հաղորդագրության մեջ նշված է.
Զորավարժություններին ներգրավված են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
[Թարմացում]
Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ստուգատեսի մեկնարկի կապակցությամբ մայիսի 30-ին 5-րդ բանակային զորամիավորում է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Այցի նպատակն էր ունկնդրել ստուգատեսի մեջ ներգրավված անձնակազմի՝ մարտական պատրաստականության աստիճանների բերման, ժամանակակից համազորային մարտ իրականացնելիս զինծառայողների՝ ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, ինչպես նաև մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժությանը ներգրավված ամբողջ անձնակազմի առջև դրված խնդիրների վերաբերյալ զեկույցները:
Զորավարժության նպատակն է կատարելագործել զորամիավորումների, հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները ստորաբաժանումները մարտական պատրաստականության աստիճանի բերելիս, մարտական գործողություններ կատարելիս և համակողմանի ապահովումներ կազմակերպելիս, ինչպես նաև բարձրացնել ստորաբաժանումների միջև ներդաշնակումը, փոխգործակցության մակարդակը, անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշներն ու դաշտային վարժվածության մակարդակը:
Pingback: Ավարտվել են ՀՀ ԶՈւ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները | Ռազմ.info