Սիրիա զենք տանող թուրքական բեռնատարները խուզարկել թույլ տված դատախազները հեռացվել են պաշտոնից

Թուրքական դատարանը վճռել է 2014-ին Սիրիա զենք տեղափոխող բեռնատարները խուզարկելու թույտվություն տրամադրած 5 դատախազների ազատել պաշտոնից` «մասնագիտության պատիվը և հարգանքը, ինչպես նաև պաշտոնյայի ազդեցությունը և հեղինակությունը խաթարելու» մեղադրանքով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

2014-ի հունվարի 19-ին Թուրքիայի Ադանա նահանգում ժանդարմերիայի կողմից խուզարկված բեռնատարում հայտնաբերված զենքերի նկար

2014-ի հունվարի 19-ին Թուրքիայի Ադանա նահանգում ժանդարմերիայի կողմից խուզարկված բեռնատարում հայտնաբերված զենքերի նկար

Դատախազներ Սուլեյման Բաղրըյանըքը, Ահմեթ Քարաջան, Ազիզի Թաքջըն, Օզան Շիշմանը և Յաշար Քավալջըքլըօղլուն դեռևս կարող են բողոքարկել Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի 2-րդ գրասենյակի որոշումը, սակայն թուրքական դատարաններն ըստ ամենայնի չեն փոխի որոշումը:

Առավել վաղ թուրքական դատարանը որոշում էր կայացրել նույն դատախազներին պաշտոնից ազատել «դատական մարմնի թափանցիկությունը և հեղինակությունը խաթարելու» մեղադրանքով:

Հիշեցնենք, որ 2015-ի մայիսի 28-ին թուրքական «Ջումհյուրիեթ» պարբերականի կայքը հրապարակել էր տեսանյութ, որում հստակ երևում էր, որ 2014-ին հունվարին Թուրքիայի ազգային անվտանգության կազմակերպության ուղեկցությամբ Սիրիա գնացող բեռնատարները զենք են տեղափոխել:

Ավելացնենք, որ 2014-ի հունվարին թուրքական ժանդարմերիայի՝ Ադանայի և Հաթայի վարչությունների աշխատակիցները խուզարկման համար կանգնեցրել էին ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից ուղեկցվող բեռնատարները։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ բեռնատարները օգնություն էին տանում Սիրիայում ապրող թուքմեններին, սակայն չէր նշել, թե դա ինչ բեռ էր։

Նշենք, որ 2014-ի հունվարի դրությամբ Թուրքիայի հարավարևմտյան Հաթայ նահանգին սահմանակից սիրիական շրջաններում, ուր և ուղևորվում էին թուրքական զենքով բեռնված մեքենաները, գտնվում էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ, և թուրքական իշխանությունների այն պնդումները, որ զենքը նախատեսված էր Սիրիայում ապրող «թուրքմենների» (թյուրքական ծագումով ցեղեր են և կապ ունեն Թուրքմենստանի բնակչության հետ) համար` բավականին անհիմն են:

Հետագայում բեռնատարները խուզարկողների նկատմամբ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել, որի մասին կարող եք կարդալ այստեղ:

Իսկ 2015-ի նոյեմբերին Ստամբուլի դատարանի որոշմամբ լրտեսության ու ահաբեկչական խումբ ստեղծելու, ղեկավարելու ու իշխանափոխություն իրականացնելու մտադրությունների մեղադրանքով ձերբակալվել էին թուրքական բանակի 3 բարձրաստիճան սպա, այդ թվում՝ 2 գեներալ։ Նշված անձինք նույնպես մեղադրվում են Սիրիա զենք տեղափոխող բեռնատարաների «անօրինական» խուզարկմանը մասնակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *