Ստամբուլի դատարանի նոյեմբերի 29-ի որոշմամբ՝ լրտեսության ու ահաբեկչական խումբ ստեղծելու, ղեկավարելու ու իշխանափոխություն իրականացնելու մտադրությունների մեղադրանքով ձերբակալվել է թուրքական բանակի 3 բարձրաստիճան սպա, այդ թվում՝ 2 գեներալ։
Ինչպես հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, սպաներին ձերբակալել են 2014-ին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության բեռնատարերով Սիրիա զենք տեղափոխելու գործով։
Համաձայն Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանի փոխանցած տեղեկությունների՝ ձերբակալվածները գեներալներ Համզա Ջելեփօղլուն, Իբրահիմ Այդին և արդեն թոշակի անցած գնդապետ Բուրհանեթթին Ջիհանքիրօղլուն են։ Վերջիններս մինչ ձերբակալության որոշումը՝ նոյեմբերի 28-ին, 2014-ից շարունակվող հետաքննության շրջանակներում կանչվել են դատարան։
Նշվում է, որ զենք փոխադրած բեռնատրների մասին գրելու համար նոյեմբերի 26-ին ձերբակալվել է նաև երկու լրագրող, այդ թվում՝«Ջումհուրրիյեթ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ջան Դունդարը՝ ահաբեկչական խմբավորումներին օժանդակելու ու լրտեսության մեղադրանքով։
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարին թուրքական ժանդարմերիայի՝ Ադանայի և Հաթայի վարչությունների աշխատակիցները խուզարկման համար կանգնեցրել էին ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից ուղեկցվող բեռնատարները։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, որ բեռնատարները օգնություն էին տանում Սիրիայում ապրող թուքմեններին, սակայն չէր նշել, թե դա ինչ բեռ էր։
Հետագայում բեռնատարները խուզարկողների նկատմամբ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել, որի մասին կարող եք կարդալ այստեղ:
Սակայն ամիսներ անց՝ մայիսի 28-ին, Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության գլխավոր քարտուղարի օգնականը խոստովանել է, որ այդ բեռնատարներով զենք էր տեղափոխվում, սակայն նշել է, որ դրանք նախատեսված էին ոչ թե ԻՊ-ի, այլ «Սիրիայի Ազատ բանակ» զինյալ խմբավորման համար:
Հատկանշական է, որ չնայած իշխանություններն ընդունել են Սիրիա զենք տեղափոխելու փաստը, Ադանայի դատարանը որոշել է արգելել այդ փաստաթղթերի և առհասարակ 2014-ի հունվարին բեռնատարների խուզարկմանը վերաբերող տեղեկությունների հրապարակումը, քանի որ դրանք վնասում են Թուրքիայի պետական շահերին: Դատարանը որոշում է կայացրել փակել կայքերի օգտատերերի էջերը, որտեղ տարածվել էր այդ տեղեկությունը, իսկ եթե կայքերը, մասնավորապես՝ Twiter-ը, հրաժարվեն փակել դրանք և հանել տեղեկությունն ամբողջությամբ, ապա Թուրքիայում պետք է փակվեին նաև կայքերն ամբողջությամբ։
Տեսանյութում Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Յասին Աքթայի խոստովանությունն է այն մասին, որ 2014-ի հունվարին Ադանայում խուզարկման համար կանգնեցված բեռնատարները զենք էին տեղափոխում։