Հայկական զորախումբը ժամանել է Տաջիկստան՝ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստուգմանը մասնակցելու

Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը ժամանել է Տաջիկստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգմանը մասնակցող հայկական ստորաբաժանումը Տաջիկստանում

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգմանը մասնակցող հայկական ստորաբաժանումը Տաջիկստանում

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները բացազատվել են Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում, և արդեն կատարում են առաջադրված խնդիրները: Մասնակից պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային զորախմբերի հրամանատարական կազմի հետ քննարկվել են գործողությունների մտահաղացման հարցերը, ճշտվել են ուսումնական մարտական խնդիրները:

Մայիսի 15-ին զորավարժարան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի հետ Նիկոլայ Բորդյուժան շրջել է զորավարժարանում բացազատված վրանային ճամբարում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղային պայմաններին ու նրանց առաջադրված մարտական խնդիրներին: Բորդյուժան բարձր է գնահատել անակնկալ ստուգմանը մասնակցող ստորաբաժանումների պատրաստվածությունը, նշելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններ զորախմբերը ստուգումների պլանի համաձայն սահմանված ժամանակահատվածում վերախմբավորվել և տեղակայվել են Տաջիկստանի տարածքում:

Վարժանքները սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների իրականացման պարագայում արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև ապահովում են փոխգործակցություն, համատեղ գործողությունների ներդաշնակում, ինչպես բարձրացնում են բազմազգ զորախմբավորման կառավարման արդյունավետությունը մարտական գործողությունների ընթացքում:

Անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ավելի քան 2500 զինծառայողներ, շուրջ 200 միավոր մարտական տեխնիկա, երկու տասնյակ մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (կենտրոնում) ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հավաքին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (կենտրոնում) ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հավաքին

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վրանային ճամբարը Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վրանային ճամբարը Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը (այդ թվում՝ նաև Հայկական ստորաբաժանումը) մարտական պատրաստության բարձր աստիճանի էր բերվել մայիսի 13-ին՝ մարտի 12-ին մեկնարկած հանկարծակի ստուգմանը մասնակցելու համար։ Ստուգման նպատակն է ստուգել, թե անհրաժեշտության դեպքում որքան ժամանակում են հավաքական ուժերը կարողանում վերախմբավորվել ու հասնել Տաջիկստան, ինչպես նաև անձնակազմերին ծանոթացնել տեղանքին:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, մասնավորապես՝ նաև Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան:

Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *