ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի

Անակնկալ ստուգումների նպատակով այսօր՝ մայիսի 12-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ կայքը:

ՀՀ ԶՈւ անձնակազմը ԲՏՌ-80 զրահափոխադրիչով. ՀԱՊԿ զորավարժություն, 2013թ.

ՀՀ ԶՈւ անձնակազմը ԲՏՌ-80 զրահափոխադրիչով. ՀԱՊԿ զորավարժություն, 2013թ.

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ ուժերը վերախմբավորվելու են տրված առաջադրանքների կատարման համար, ինչից հետո ուղարկվելու են ՀԱՊԿ տարածքի որևէ վայր, որը ներկայում չի հրապարակվում:

Ավելացնենք, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար:

Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, մասնավորապես՝ նաև Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան:

Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: