ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ ԶՈւ` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը մայիսի 14-ին համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ ՀՀ ԶՈւ ինքնաթիռով մեկնել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգման վարժանքներին մասնակցող հայկական զորախումբը և ՀՀ ԶՈւ Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, որով Տաջիկստան է տեղափոխվել զորախմբի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան
Հայկական ստորաբաժանումը մարտական պատրաստության բարձր աստիճանի էր բերվել երեկ՝ մայիսի 13-ին, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգմանը մասնակցելու համար, որը մեկնարկել էր մարտի 12-ին:
Հանկարծակի վարժանքի նպատակն է ստուգել, թե անհրաժեշտության դեպքում որքան ժամանակում են հավաքական ուժերը կարողանում վերախմբավորվել ու հասնել Տաջիկստան, ինչպես նաև անձնակազմերին ծանոթացնել տեղանքին: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Տաջիկստանի մամուլի կենտրոնի ղեկավար Ֆարիդուն Մահմեդալիևը:
Վարժանքների ընթացքում, որոնք տևելու են մինչև մայիսի 20-ը, վերախմբավորված ստորաբաժանումները տեղափոխվելու են ռազմական բեռնատար ինքնաթիռներով, կատարելու են երթեր՝ համապատասխան սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով: Ընդհանուր առմամբ ուսումնավարժությանը ներգրավված է շուրջ 2000 զինծառայող:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգման վարժանքներին մասնակցող հայկական զորախմբին ճանապարհել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, մասնավորապես՝ նաև Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան:
Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:
Pingback: Հայկական ստորաբաժանումը Տաջիկստանում գերազանցությամբ կատարում է ուսումնամարտական խնդիրները | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ զորավարժությանը մասնակցող հայկական զորախումբը վերադարձել է Հայաստան | Ռազմ.info