ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերը մայիսի 13-ից 14-ը Թուրքիայում անցկացված խորհրդաժողովի վերջում հայտարարել է, որ այդ երկիրը միացել է Դաշինքի արագ արձագանքման «Առաջատար խմբին», որի հիմնական խնդիրը Ռուսաստանի կողմից սպասվող հնարավոր «ագրեսիայի» դեմ պայքարն է։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Ստոլտենբերգը մասնավորապես նշել է, որ ողջունում է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման «Առաջատար խմբին» միանալու մասին որոշումը, ինչից հետո ստորաբաժանման ստեղծման աշխատանքներին օժանդակող եվրոպական պետությունների թիվը հասնում է 7-ի։
Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարի 5-ին Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողովում որոշվել էր Արևելյան Եվրոպայի վեց երկրում հիմնել հրամանատարական կենտրոններ և ավելացնել Դաշինքի «արագ արձագանքման» զորքերի թիվը։ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ «Արագ արձագանքման» խմբի հրամանատարական կենտրոնները հիմնվելու են Բուլղարիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում։
Մասնավորապես որոշվել էր ավելացնել Դաշինքի «Արձագանքման ուժերի» թիվը՝ 13 հազարից հասցնելով 30 հազարի, ինչպես նաև հիմնել արագ արձագանքման «Առաջատար խումբ»՝ 5 հազար զինծառայողներով։ Այդ զորախմբի կազմում լինելու են ռազմաօդային, ռազմածովային ուժերի և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ «Առաջատար խումբը» պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի պատասխան գործողությունների 24 ժամվա, իսկ մնացած համատեղ զորքերը պետք է պատրաստ լինեն 7 օրվա ընթացքում։
Խորհրդաժողովին մասնակցող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն իր հերթին նշել էր, որ Թուրքիայի դերն այս գործընթացում պարզ կլինի մինչև 2015-ի հունիս։ Իսկ մինչ այդ նախ պետք է հստակեցնել, թե ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին հյուրընկալող երկիրն ինչ ծախսեր պետք է իրականացնի, և որքան է փոխանցվելու ՆԱՏՕ-ի ընդհանուր ֆոնդից։
Pingback: ՆԱՏՕ-ն իր «արագ արձագանքման» ուժերում կարող է ներառել ՌՕՈւ և ՌԾՈւ ստորաբաժանումներ | Ռազմ.info