Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը փետրվարի 5-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողովին, որից հետո հանդիպել է Բուլղարիայի իր գործընկերոջը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 5-ին հաստատել էին Արևելյան Եվրոպայի վեց երկրում հրամանատարական կենտրոններ հիմնելու և արագ արձագանքման ստորաբաժանումների զինծառայողների թվաքանակն ավելացնելու մասին որոշումը։
Ժողովին մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ով խորհրդաժողովից հետո հայտարարել է, որ Թուրքիայի դերն այս գործընթացում պարզ կլինի մինչև 2015-ի հունիս։ Իսկ մինչ այդ նախ պետք է հստակեցնել, թե ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին հյուրընկալող երկիրն ինչ ծախսեր պետք է իրականացնի, և որքան է փոխանցվելու ՆԱՏՕ-ի ընդհանուր ֆոնդից։
Յըլմազը նշել է, որ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ Ռուսաստանին իբրև վտանգ են դիտում, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ից պահանջում են քայլեր ձեռնարկել։ Սակայն, ըստ նախարարի, Թուրքիայի համար սպառնալիք է ոչ թե Ռուսաստանը, այլ ուրիշ ուժեր, որոնցից պաշտպանվելու համար էլ թուրքական կողմը մտադիր է ուժեր տեղակայել նաև իր տարածքում:
Խորհրդաժողովից հետո Յըլմազը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչևին։ Երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են թուրք-բուլղարական սահմանին Բուլղարիայի կողմից կառուցվող սահմանապատնեշը, ինչպես նաև համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերի իրականացման, ռազմաօդային ուժերի համատեղ թռիչքներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 82 կմ երկարությամբ պատնեշ է կառուցելու, որը շատ ավելի դժվարանցանելի կլինի, քան ներկայիս փշապարիսպը, իսկ դրա կառուցումը կարժենա 90 մլն լև (մոտ 52 մլն ամերիկյան դոլար):