ՆԱՏՕ-ն իր «արագ արձագանքման» ուժերում կարող է ներառել ՌՕՈւ և ՌԾՈւ ստորաբաժանումներ

Հունիսի 24-ին կայանալիք Հյուսիսատլանտյան Դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովում քննարկվելու է  ցամաքային ստորաբաժանումներից բացի՝ «արագ արձագանքման» ուժերում ռազմածովային, ռազմաօդային և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներառման հարցը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Դուգլաս Լյութի հայտարարությունը։

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանում

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանում

Լյութը նշել է, որ ՆԱՏՕ-ի նորաստեղծ «արագ արձագանքման» ցամաքային ստորաբաժանումներում ընդգրկված է ավելի քան 5000 զինծառայող՝ ավելացնելով, որ կառույցի անդամ երկրների պաշտպանության նախարարները, ամենայն հավանականությամբ, դրական պատասխան կտան այդ հարցին։

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարի 5-ին Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողովում որոշվել էր Արևելյան Եվրոպայի վեց երկրում հիմնել հրամանատարական կենտրոններ և ավելացնել Դաշինքի «արագ արձագանքման» զորքերի թիվը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել էր, որ «Արագ արձագանքման» խմբի հրամանատարական կենտրոնները հիմնվելու են Բուլղարիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում։

Մասնավորապես որոշվել էր ավելացնել Դաշինքի «Արձագանքման ուժերի» թիվը՝ 13 հազարից հասցնելով 30 հազարի, ինչպես նաև հիմնել արագ արձագանքման «Առաջատար խումբ»՝ 5 հազար զինծառայողներով։ Այդ զորախմբի կազմում լինելու են ռազմաօդային, ռազմածովային ուժերի և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ «Առաջատար խումբը» պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի պատասխան գործողությունների դիմել 24 ժամվա ընթացքում, իսկ համատեղ մյուս զորքերը պետք է պատրաստ լինեն 7 օրվա ընթացքում։

Հավելենք նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մայիսի 13-ից 14-ը Թուրքիայում անցկացված խորհրդաժողովի վերջում հայտարարել էր՝ Թուրքիան միացել է Դաշինքի արագ արձագանքման «Առաջատար խմբին», որի հիմնական խնդիրը Ռուսաստանի կողմից սպասվող հնարավոր «ագրեսիայի» դեմ պայքարն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *