ՌԴ զինված ուժերը հարյուրավոր ԲՄՊ-3 մեքենաներ են պատվիրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հարյուրավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարման պայմանագիր է կնքել ՀՄՄ-ներն արտադրող ռուսաստանյան «Տրոկտորի գործարաններ» ընկերության հետ: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է ընկերության փոխնախագահ Ալբերտ Բակովը՝ չնշելով մեքենաների ճշգրիտ քանակը:

Ռուսաստանյան ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա

Ռուսաստանյան ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա

Պայմանագրի համաձայն՝ հետևակի մարտական մեքենաների մատակարարումը, ըստ Բակովի, նախատեսված է իրականացնել առաջիկա 3 տարիների ընթացքում:

Միևնույն ժամանակ ընկերության ներկայացուցիչը հստակեցրել է, որ ընկերությունը շարունակելու է զինված ուժերին այս մեքենաների տրամադրումը մինչև այն ժամանակ, երբ կավարտվեն «Կուրգանեց» պլատֆորմի և համանուն հետևակի մարտական մեքենաների փորձակոնստրուկտորական աշխատանքները, և նոր տեխնիկան պատրաստ կլինի շահագործման:

Նշենք, որ հենց «Կուրգանեց» հետևակի մարտական մեքենաներն ու համանուն պլատֆորմի հիման վրա պատրաստված մյուս զրահապատ մեքենաներն են փոխարինելու Ռուսաստանի զինված ուժերում ներկայում շահագործվող ԲՄՊ-1, ԲՄՊ-2, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներին և դրանց հիմքի վրա կառուցված այլ զրահատեխնիկային: Սա, համենայն դեպս, նախատեսված է ՌԴ զինված ուժերի սպառազինության արդիականացման ծրագրով:

Ավելացնենք, որ խորհրդային/ռուսաստանյան արտադրության ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները նախատեսված են հետևակի՝ անմիջականորեն մարտի դաշտ տեղափոխելու, ինչպես նաև տանկերի հետ համատեղ մարտական գործողություններ կատարելու համար: Սպառազինության մեջ է 1987 թվականից:

Անձնակազմը – 2 հոգի,
Տեղափոխվող դեսանտը – 7 հոգի,
Սպառազինությունը – 100մմ և 30մմ թնդանոթներ, «Կաստետ» հակատանկային կառավորվող հրթիռներ, 3 հատ 7,62մմ գնդացիր,
Արագությունը – 70կմ/ժ, (լողալով՝ 10կմ/ժ),
Երթի պաշարը – 600կմ,
Գինը – 2,35-3,08 մլն ամերիկյան դոլար,
Հիմնական օպերատորներ – Ռուսաստան, Ադրբեջան, Քուվեյթ, ԱՄԷ, Վենեսուելա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *