Ադրբեջանը Ռուսաստանից գնված ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների համար վճարել էր ընդհանուր 220 մլն ԱՄՆ դոլար, մոտ 2.4 մլն ԱՄՆ դոլար մեկ միավորի համար։ Հետաքրքիր է համեմատել ԲՄՊ-3-ի գինը ԲՄՊ-2-ի գնի հետ՝ պարզելու համար Ադրբեջանի գործարքի նպատակահարմարությունը։
Նշենք, որ գործարքի տվյալները հրապարակվել էին ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» զեկույցում։
Քանի որ թե´ ադրբեջանական, թե´ հայկական բանակներն առավելապես զինված են խորհրդային/ռուսական արտադրության տեխնիկայով, փորձենք զուգահեռներ անցկացնել ԲՄՊ-3-ի գնի և խորհրդային մեկ այլ հետևակի մարտական մեքենայի՝ ԲՄՊ-2-ի գնի միջև։
Նկատենք, որ մենք զեկույցի ոչ բոլոր տվյալներն ենք հաշվի առնում։ Մասնավորապես, չենք դիտարկել չափազանց վաղ կնքված գործարքները և ոչ արժանահավատ տվյալները։ Հոդվածում մանրամասն չենք անդրադառնա, թե կոնկրետ որ տվյալները և ինչու չենք համարել արժանահավատ, սակայն նշենք, որ դրանք առաջին հերթին այն տվյալներն են, որոնք չեն հաստատվում այլ աղբյուրներով կամ որոնց մասին առկա են հակասական տեղեկություններ։
Երկիրը |
Քանակը |
Տարին |
Գործարքի արժեքը |
Մեկ միավորի արժեքը |
Ինդոնեզիա |
17 |
2008 |
40 |
2.35 |
Լիբիա |
31 |
2009 |
80 |
2.58 |
Ինդոնեզիա |
37 |
2012 |
114 |
3.08 |
Վենեսուելա |
123 |
2010 |
300 |
2.44 |
Ադրբեջան |
91 |
2011 |
220 |
2.42 |
Աղյուսակ 1։ ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի գինը միջազգային շուկայում
Այսպիսով, կարող ենք կատարել հետևյալ երկու եզրակացությունը.
1. ԲՄՊ-3-ները բավական բարձր գին ունեն։ Համեմատության համար նշենք, որ 2.4-3.08 մլն ԱՄՆ դոլարով հնարավոր է ձեռք բերել բավականաչափ արդիական Տ-72 տանկ։
2. Ադրբեջանը մեկ միավորի համար վճարել է հնարավորինս ցածր գին։ Դա մասամբ կարող է պայմանավորված լինել տարբեր երկրներին վաճառված մեքենաների վրա տեղադրված սարքավորումների տարբերությամբ, բայց չպետք է մոռանալ նաև, որ Տ-90 տանկերը ևս Ադրբեջանը ձեռք էր բերել բավականաչափ ցածր գնով։
Ինչ վերաբերում է ԲՄՊ-2-ներին, ապա հաջորդ աղյուսակում ներկայացված են վերջին տասնամյակում միջազգային շուկայում ԲՄՊ-2-ների վաճառքի վերաբերյալ առկա տվյալները։
Վաճառող երկիրը |
Գնող երկիրը |
Քանակը |
Տարին |
Գործարքի արժեքը |
Մեկ միավորի արժեքը |
Անգոլա |
Կոտ դ’Իվուար |
2 |
2002 |
0.6 |
0.3 |
Բելառուս |
Սուդան |
9 |
2002 |
5 |
0.56 |
Ուկրաինա |
Եմեն |
100 |
2002 |
50 |
0.5 |
Ռուսաստան |
Եմեն |
188 |
2003 |
100 |
0.53 |
Ուկրաինա |
Կոտ դ’Իվուար |
1 |
2003 |
1 |
0.5 |
Ուկրաինա |
Վրաստան |
52 |
2004 |
15 |
0.29 |
Ուկրաինա |
Ուգանդա |
31 |
2004 |
15 |
0.48 |
Աղյուսակ 2։ ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի գինը միջազգային շուկայում
Այս աղյուսակում մենք չենք ընդգրկել միայն Ալժիրին և Հնդկաստանին վաճառված ԲՄՊ-2-ները, քանի որ առաջինի դեպքում զեկույցի տվյալները հակասում են այլ աղբյուրների տվյալներին, իսկ երկրորդի դեպքում խոսքն արտոնագրով արտադրության մասին է։
Այսպիսով, ԲՄՊ-2-ների գները միջազգային շուկայում տատանվում են 0.29-0.56 մլն ԱՄՆ դոլար մեկ միավորի համար։ Գների այս տատանումը կախված է մեքենայի վիճակից և նորոգման/արդիականացման արժեքից։
Ստացվում է, որ Ադրբեջանը 91 միավոր ԲՄՊ-3-ի համար վճարած 220 մլն դոլարով կարող էր գնել գրեթե 400 միավոր ԲՄՊ-2։ Ընդ որում, անկախ ԲՄՊ-3-ի առավելություններից ու թերություններից, ինչպես նաև մի կողմ դնելով այդ մեքենայի հասցեին հնչող քննադատությունները, պիտի փաստենք, որ ակնհայտ է, որ 1 միավոր ԲՄՊ-3-ը ոչ մի դեպքում համարժեք չէ 4 միավոր ԲՄՊ-2-ին։
Եզրափակելով ընդգծենք, որ այս ամենը, թեև խոսում է Ադրբեջանի կողմից ֆինանսական ռեսուրսների ոչ արդյունավետ ծախսի օգտին, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ ծախսերն իրենց մեջ առհասարակ չեն պարունակում որևէ վտանգ մեր նկատմամբ։
Պարզապես վերոնշյալ պնդումները ևս մեկ անգամ հաստատում են այն փաստը, որ պարտադիր չէ նույնությամբ կրկնել ադրբեջանական բոլոր քայլերը, և սպառազինության գնումները պիտի կատարվեն ու բարեբախտաբար կատարվում են ոչ թե այն սկզբունքով, որ «ադրբեջանցիներն ունեն, մենք էլ ունենանք», այլ այն սկզբունքով, որ մեր բանակը հնարավորություն ունենա լուծել իր առջև դրված խնդիրներն ամենաօպտիմալ ձևով։ Իսկ օպտիմալությունը ենթադրում է այդ թվում ֆինանսական միջոցների արդյունավետ ծախս։
7 responses to “ԲՄՊ-3, թե՞ ԲՄՊ-2. Ադրբեջանի կնքած գործարքի համատեքստում”