Այսօր՝ մայիսի 4-ին, Վրաստանի արդեն նախկին պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նշանակած, բայց դեռևս նախագահի և խորհրդարանի կողմից չհաստատված պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել են պաշտպանության նախարարությունում։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության կայքը։
Մինդիա Ջանելիձեն Խիդաշելիին ներկայացրել է համակարգը, ծանոթացրել բարձրաստիճան ղեկավարների և անձնակազմի հետ։
Նորանշանակ նախարարը հավաստիացրել է, որ իր կառավարման ընթացքը արդյունավետ է լինելու։
«Հուսով եմ, որ այս շրջանը առաջին հերթին հաջող է լինելու վրացական բանակի համար։ Սա ինձ համար մեծ պատիվ է»,- ընդգծել է Վրաստանի պատմության մեջ առաջին կին պաշտպանության նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Թինաթին Խիդաշելին լրագրողներին ներկայացրել է նաև առաջիկա անելիքներն ու մասնավորեցրել, որ միավորելու է պաշտպանության նախկին նախարարներին. «Նախատեսում եմ խնդրել Վրաստանում գտնվող պաշտպանության նախկին նախարարներին համախմբվել խորհրդատվական նոր խմբում, որտեղ մենք կքննարկենք այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է երկիրը։ Վստահ եմ, որ բոլոր ժամանակներում պաշտպանության նախարարների առաջադրանքն ու երազանքը եղել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը»,- ասել է Խիդաշելին։
Հատկանշական է, որ Թինա Խիդաշելին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի կինն է։ Վերջինս դեռևս ղեկավարում է խորհրդարանի՝ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը, պատգամավոր է։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրեց կառավարության նոր կազմը, ինչի արդյուքնում պարզվեց, որ փոխվել է նաև պաշտպանության նախարարը։ Կառավարության փոփոխությունը կապված է վերջին օրերին մի քանի նախարարների հրաժարականների հետ։
Դեռևս 2014թ. հուլիսին Ղարիբաշվիլիի գլխավորությամբ հաստատված կառավարության կազմը չէր կարող գործել, քանի որ 20 նախարարներից 1/3-ը հրաժարական էին տվել: Բացի պաշտպնության նախարարից, փոփոխվել են նաև սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարները։ Մյուս նախարարները մնացել են նշանակված պաշտոններում։
Նույն օրը՝ մայիսի 1-ին, վարչապետի նշանակած կազմը ներկայացվել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ում հաստատումից հետո այն պիտի վավերացներ նաև խորհրդարանը։ Սակայն երկրի նախագահը չի հաստատել նոր կազմը՝ մեկ շաբաթ ժամանակ տալով վարչապետին և խորհրդարանին՝ «մտածելու համար»:
Մարգվելաշվիլիին անհանգստացրել է նաև այն, որ պաշտպանության նախարարները հաճախակի են փոխվում, այն դեպքում, երբ, ըստ նրա, երկիրը բարդ մարտահրավերների առաջ է կանգնած։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 3-9 մայիսի, 2015 | Ռազմ.info