Այսօր` մայիսի 1-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության նոր կազմը, որը, սակայն, չի հաստատել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկ շաբաթ ժամանակ տալով վարչապետին և խորհրդարանին՝ «մտածելու համար»:
Վարչապետ Ղարիբաշվիլու ներկայացրած ցուցակի վերաբերյալ նախագահի մամուլի ծառայությունը արտակարգ հայտարարություն է արել` նշելով, որ նախագահը չի ստորագրի այս կազմի հաստատման տակ:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր կառավարությունն աշխատում է ֆորս-մաժորային իրավիճակում: Ուզում եմ հիշեցնել բոլորին, որ մենք բարդ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Որպես երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ուզում եմ հարց ուղղել` ինչպիսի՞ հաճախականությամբ ենք մենք փոխելու մեր պաշտպանության նախարարներին»,- ասել է Գեորգի Մարգվելաշվիլին` հավելելով, որ օգտագործում է իր`սահմանադրությամբ ընձեռնված հնարավորություններից:
Հավելենք, որ այսօր Վրաստանի վարչապետի հաստատած նոր կառավարությունում փոփոխվել են պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարները։ Մյուս նախարարները մնացել են նշանակված պաշտոններում։
Իսկ ինչ վերաբերում է արդեն նախկին պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեին, ապա նա վերադառնում է իր նախկին պաշտոնին։ Վերջինս մինչև 2014թ. նոյեմբերը կառավարությանն առընթեր պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղարն էր։ Ներկայիս քարտուղար Դավիդ Սուջաշվիլին վերադառնալու է իր նախկին պաշտոնին՝ հետախուզության վարչության պետի պաշտոնին։
Տեղեկացնենք, որ Վրաստանի կառավարության փոփոխությունը կապված է վերջին օրերին մի քանի նախարարների հրաժարականների հետ։ Դեռևս 2014թ. հուլիսին Ղարիբաշվիլիի գլխավորությամբ հաստատված կառավարության կազմը չէր կարող գործել, քանի որ 20 նախարարներից 1/3-ը հրաժարական էին տվել:
Նախարարների հրաժարականների սկիզբը դրվեց 2014թ. նոյեմբերից, երբ վարչապետը պաշտոնանկ արեց այն ժամանակ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, նրան փոխարինելով Մինդիա Ջանելիձեով: Այս քայլից հետո Վրաստանում սկսվեց պաշտոնաթողությունների մի մեծ ալիք: Ինքնակամ հրաժարական տվեցին արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և նրա տեղակալները, ինչպես նաև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Փանջիկիձեին փոխարինեց Թամար Բերուչաշվիլին, իսկ Պետրիաշվիլիին` Դավիդ Բեկրաձեն: Արդեն նոյեմբերի վերջին հրաժարական տվեց ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, ում փոխարինեց Վախթանգ Գոմելաուրին:
Pingback: Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը նորանշանակ ղեկավարին ներկայացրել է համակարգը | Ռազմ.info