Մայիսի 4-15-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ Թուրքիայում կանցկացվի Tiger Meet 2015 ամենամյա համատեղ զորավարժությունը։ Այս մասին մայիսի 4-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ 192-րդ էսկադրլիայի F-16 կործանիչը՝ Գերմանիայում անցկացված NATO Tiger Meet զորավարժության ժամանակ
Նշվում է, որ զորավարժությունն անցկացվելու է Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի Քոնիայում տեղակայված 3-րդ հիմնական ռազմաօդային բազայի տարածքում։
Զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համապատասխան ստորաբաժանումների համատեղ գործողությունների արդյունավետության բարձրացումը, փորձի փոխանակումը, ավիաէսկադրիլիաների տեխնիկական և մարտավարական ունակությունների զարգացումն են։
Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանման կազմում զորավարժությանը կներգրավվի 16 միավոր F-16 կործանիչ, մեկ միավոր E-7T հեռահար ռադիոտեղորոշման և կառավարման ինքնաթիռ, 2 միավոր ֆրանսիական AS-532 բազմանպատակային ուղղաթիռ, CN-235 բեռնատար ինքնաթիռ, Շվեյցարիայի ԶՈւ ՌՕՈւ կազմում՝ 5 միավոր F-18 կործանիչ, Լեհաստանի ռազմաօդային ստորաբաժանման կազմում՝ 6 միավոր F-16 կործանիչ, Ֆրանսիայի ԶՈւ ՌՕՈւ՝ 4 միավոր Rafale կործանիչ, Իտալիայից՝ 2 միավոր AB-212 բազմանպատակային ուղղաթիռ, ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի 2 միավոր E-3A հեռահար ռադիոտեղորոշման ինքնաթիռ, Նիդեռլանդների ռազմաօդային ուժերի կազմում՝ KDC-10 բեռնատար ինքնաթիռ։
Բացի նշված երկրների ստորաբաժանումներից՝ զորավարժությանն իբրև դիտորդ մասնակցելու են նաև Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի ներկայացուցիչները։
Նշենք, որ զորավարժությունն անցկացվում է 1960 թվականին հիմնված NATO Tiger Association-ի (NTA ” ՆԱՏՕ-ի վագրերի միավորում) կոորդինացմամբ՝ ամեն տարի միավորմանն անդամակցող երկրներից մեկի տարածքում։
Հավելենք նաև, որ Թուրքիան զորավարժությունն անցկացնող երկրներին միացել է 1980 թվականից։ Պաշտոնապես միավորմանն անդամակցում և իրականացվող համատեղ զորավարժություններին մասնակցում է 1948 թվականին հիմնված՝ Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ 192-րդ ավիաէսկադրիլիան (Kaplan Filo, ” թրք.՝ «վագր էսկադրիլիա»՝ տեղակայման վայրը՝ Բալըքեսիր):
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 3-9 մայիսի, 2015 | Ռազմ.info