Աֆղանական իշխանությունների ներկայացուցիչներին Քաթարում մայիսի 3-ի բանակցությունների ընթացքում չի հաջողվել զինադադադարի կնքման վերաբերյալ համաձայնության գալ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներ հետ: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:
Դռնփակ բանակցությունների ձախողման հիմանկան պատճառն այն է, որ «Թալիբանի» ներկայացուցիչները ոչ մի զիջման չեն գնացել և պահանջել են երկրից ամբողջությամբ դուրս բերել ամերիկյան զորքերը:
Քաթարի արտգործնախարարի հյուրընկալությամբ ընթացող բանակցությունների միակ արդյունքն այն է, որ կողմերը համաձայնել են բանակցությունները շարունակել Արաբական Միացյալ Էմիրություններում, հավանաբար, մյուս ամիս:
Այս ոչ պաշտոնական բանակցություները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի մեծ մասի դուրս բերման արդյուքում հակամարտության էսկալացիա է սկսվել, մասնավորապես՝ «Թալիբանը» հարձակվել է Աֆղանստանի հյուսիսային Կուդուզ քաղաքի վրա և վերահսկողություն հաստատել այնտեղ:
Հատկանշական է, որ աֆղանական իշխանությունները ոչ մի պաշտոանական հայտարարություն չեն արել ընթացող բանակցությունների վերաբերյալ, սակայն երկրի Խաղաղության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչը հաստատել է բանակցությունների մասին տեղեկությունները:
Նշենք, որ 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկչական հարձակումից հետո ՆԱՏՕ-ն ու վերջինիս գործընկերները Դաշինքի ISAF առաքելության շրջանակներում Աֆղանստանում պայքարել են «Թալիբան» շարժման և «Ալ Քաիդայի» դեմ, որոնք էլ իրենց հերթին ձգտում են միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից:
ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը: Այս ծրագրի շրջանակներում Աֆղանստանում թողնվել է 9800 ամերիկացի զինծառայող:
Հավելենք նաև, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ջեյմս Քանինհեմը 2014թ. սեպտեմբերի 30-ին մայրաքաղաք Քաբուլում ստորագրել էին անվտանգության պայմանագիր, որով ԱՄՆ-ն 2014-ին պետք է կրճատեր Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը՝ 32 հազարից հասցնելով 9,8 հազարի, 2015-ի վերջում այն կրճատել ևս երկու անգամ, իսկ 2016-ի վերջում զորքերը վերջնականապես դուրս բերել Աֆղանստանից:
Սակայն դեռևս մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ:
Pingback: Աֆղանստանի իշխանություններն առերես, հանրային բանակցություններ են սկսել «Թալիբանի» հետ | Ռազմ.info
Pingback: «Թալիբանի» զինյալները գրավել են Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունդուզ նահանգի մի մասը | Ռազմ.info
Pingback: Աֆղանստանում ԱՄՆ-ի ինքնաթիռ է վթարվել. կա 14 զոհ | Ռազմ.info