Թուրքիան զորք է մոտեցնում Սիրիայի սահմանին

Նախօրեին ՄԱԿ և Արաբական Պետությունների Լիգայի հատուկ ներկայացուցիչ Ք. Անանը հանդես է եկել սիրիական ճգնաժամի կարգավորման նոր առաջարկով: Ըստ նոր ծրագրի՝ Սիրիայում պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, որի կազմում կլինեն թե ընդդիմության և թե իշխանության ներկայացուցիչները: Անանը, սակայն, գտնում է, որ կառավարությունում չպետք է լինեն այն մարդիկ «որոնց ներկայությունը կարող է ձախողել համաձայնության և կայունության հաստատման ջանքերին»: Հասկանալի է, որ այդ «մարդկանց» ցանկում առաջին հերթին նկատի է առնվում Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը:

Թուրքիան զորք է տեղափոխում Սիրիայի սահման

Թուրքիան զորք է տեղափոխում Սիրիայի սահման

Դիվանագիտական որոշ աղբյուրներ նշում են, որ այս ծրագրին համաձայնություն են տվել ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ-պետությունները: Սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիներին, այդ թվում՝ Անանի նոր առաջարկի քննարկմանն է նվիրված լինելու հունիսի 30-ին Ժնևում կայանալիք համաժողովը, որին բացի ՄԱԿ ԱԽ անդամներից մասնակցելու են նաև Թուրքիան, Իրաքը, Կատարը: Իրանը և Սաուդյան Արաբիան հրավիրվածների ցանկում չկան: Սիրիայում ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մանրամասները հունիսի 29-ին Սանկտ Պետերբուրգում քննարկելու են նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Մինչ գերտերությունները խաղաղ կարգավորման ուղիներ են փնտրում, ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել Թուրքիան, որի վարչապետ Էրդողանի մի քանի օր առաջ հնչեցրած սպառնալիքներն ավելի առարկայական են դառնում. արդեն երկրորդ օրն է թուրքական 5-րդ զրահատանկային բրիգադի զրահամեքենաները և տանկերը շարժվում են դեպի թուրք-սիրիական սահմանը: Զուգահեռաբար այնտեղ են տեղափոխվում նաև ՀՕՊ համակարգեր և հետևակային ուժեր: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, թե սիրիական բանակի ռազմական գործողությունները սահմանայի շրջաններում Թուրքիայի կողմից դիտարկվելու են որպես վտանգ և համարժեք քայլեր են ձեռնարկվելու:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի այս հայտարարությունը փաստացի վերջնագիր է նշանակում Սիրիայի համար: Խնդիրն այն է, որ Ասադի վարչակարգի հակառակորդ ապստամբները, մասնավորապես Սիրիայի Ազատ բանակի զինյալները գործում են հենց սիրիական սահմանամերձ շրջաններում: Եվ այդ տարածքում նրանց ռազմական գործողություններ չիրականացնելը նշանակում է Սիրիայի տարածքում ստեղծել ապստամբական ուժերի համար կենտրոնակայան, ինչը անդառնալի հետևանքներ կունենա իշխանական ուժերի համար: Այսպիսով Թուրքիան ռազմական միջամտության սպառնալիքով փորձում է ստեղծել ապստամբների այդքան անհրաժեշտ բուֆերային գոտին, որտեղ հետագայում կարող է ստեղծվել ժամանակավոր կառավարություն և նույնիսկ այնտեղ կարող են հաստատվել Սիրիայի Ազգային խորհրդի անդամները:

Թուրքական զրահամեքենաները և այլ սպառազինությունը տեղակայվել են Սիրիայի հետ սահմանակից Քիլիս և Հաթայ շրջաններում: Նշենք, որ Հաթայում են տեղակայված Սիրիայից հեռացած շուրջ 30 հազար քաղաքացիներ, որոնց մեջ գերակշռում են ապստամբների ներկայացուցիչները: Նրանք Թուրքիայի տարածքում տեղակայված ճամբարներում անցնում են համապատասխան ուսուցում, ստանում են զենք, զինամթերք, այնուհետև գնում են կռվելու սիրիական իշխանությունների դեմ:

Դատելով ստեղծված իրադրությունից՝ կարելի է ասել, որ Ասադի ռեժիմի տապալման գործում շահագրգիռ ուժերը զուգահեռաբար կիրառում են թե Լիբիայի, թե Եմենյան իշխանափոխության սցենարները՝ կախված իրավիճակի հետագա զարգացումներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *