Սիրիայում արդեն պաշտոնապես պատերազմ է

Հունիսի 22-ին թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացումը դարձավ շրջադարձային այն կետը, որից հետո արդեն 15 ամիս շարունակվող սիրիական ճգնաժամը պաշտոնապես անվանվեց պատերազմ` միաժամանակ էլ ավելի հստակեցնելով տարածաշրջանում գործող ուժերի գործողությունները:

Հունիսի 26-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ դիմելով նորաստեղծ կառավարության անդամներին, հայտարարեց, որ իրենք պատերազմական դրության մեջ են: «Եթե մենք պատերազմում ենք, ապա մեր կյանքի բոլոր ոլորտները և մեր քաղաքականությունը պետք է կենտրոնացվեն հաղթանակի համար»,— ասել է նախագահը: Երկրի նոր կառավարության ղեկավար է նշանակվել գյուղատնտեսության նախկին նախարար Ռիադ Հիջաբը. չեն փոխվել ուժային կառույցների ղեկավարները և արտգործնախարարը:

Ասադի այս հայտարարությունը համընկել է ՆԱՏՕ-ի խորհրդի հունիսի 26-ին ընդունած որոշման հետ, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքը թեև դատապարտում է թուրքական ինքնաթիռի ոչնչացումը և հույս հայտնում, որ նման դեպք այլևս չի կրկնվի, սակայն չի ընդունում այս միջադեպը որպես Դաշինքի անդամ պետությունների դեմ ուղղված քայլ դիտարկելու Թուրքիայի նախաձեռնությունը: Այլ կերպ ասած` ՆԱՏՕ-ն առայժմ չի ցանկանում ռազմական գործողություններ սկսել Սիրիայի իշխանությունների դեմ:

Թուրքիան, իր հերթին, սպառնում է Սիրիային և հայտնում, որ իր սահմանի մոտ սիրիական զորքերի հայտնվելը այսհուհետ դիտարկելու է որպես սպառնալիք և համարժեք քայլերի է դիմելու: Թե որոնք են այդ քայլերը, բնականաբար, թուրքական իշխանությունները չեն նշում:

Ինքնաթիռի կործանման կապակցությամբ հունիսի 26-ին հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը. «Քաղաքական-քարոզչական, այդ թվում միջազգային մակարդակի լարվածության ավելացումը հատկապես վտանգավոր է այն պայմաններում, երբ փորձ է արվում արտաքին բոլոր ծանրակշիռ խաղացողների ուժերը մոբիլիզացնել` Սիրիայում իրադրությունը քաղաքական հունով տանելու համար` բոլորի կողմից հավանության արժանացած և ՄԱԿ ԱԽ հաստատած Ք. Անանի պլանի հիման վրա: …Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում վարքի լավագույն ձևը զսպվածությունն է և Թուրքիայի ու Սիրիայի միջև կառուցողական համագործակցությունը»,— ասված է հայտարարության մեջ:

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի համագործակցություն պետք է իրականացվի այս երկու պետությունների միջև, երբ հենց թուրքական տարածքում են գործում Ասադի ընդդիմադիրների ճամբարները, Սիրիայի Ազգային խորհուրդը տեղակայված է Ստամբուլում, իսկ ԱՄՆ ԿՀՎ աշխատակիցները թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններում տեղակայված ճամբարներում հրահանգավորում են ապստամբների զինյալներին:

«Թուրքիան իր տարածքից ուղղորդում է սիրիական ապստամբներին, զինում է նրանց և ֆինանսական աջակցություն ցուցաբերում»,— վերջին դեպքերի մասին իր կարծիքն է հայտնում Օկլահոմայի համալսարանի մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջոշուա Լենդիսը (Joshua M. Landis): Նա չի բացառում նաև, որ թուրքական կործանիչները Սիրիայի տարածքով թռիչքներ են իրականացնում ՆԱՏՕ-ի հետ համատեղ: «Թուրքիան, անտարակույս, ուսումնասիրում է Սիրիայի օդային տարածքը, փորձում պարզել որտեղ են տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը և ռադիոտեղորոշիչ կայանները: Ես ենթադրում եմ, որ Թուրքիան դրանով է զբաղված, իսկ ՆԱՏՕ-ն կազմում է դրանց քարտեզները և ուսումնասիրում, թե որքանով են նրանք ուժեղ և պատրաստ մարտի: Որոշ ժամանակ անց Սիրիային դա սկսեց դուր չգալ և նա ոչնչացրեց թուրքական ինքնաթիռներից մեկը»,— մեկնաբանում է կենտրոնի ղեկավարը:

Չնայած իրադրության ծայրահեղ լարվածությանը` փորձագետները հավանական չեն համարում արտաքին ներխուժումը: Նրանք կարծում են, որ Արևմուտքը Ասադի հեռացման գործը «կվստահի» ապստամբներին` նրանց ցուցաբերելով քարոզչական, տեղեկատվական, ֆինանսական օժանդակություն:

Ինչ վերաբերում է ապստամբներին, ապա նրանց մասին տեղեկությունները խիստ իրարամերժ են: Ըստ որոշ աղբյուրների` նրանք միավորված չեն, ավելի շատ նման են տեղային անջատ-անջատ գործող խմբավորումների, որոնք սեփական շահերն են հետապնդում: Համաձայն այլ տեղեկությունների, ապստամբներն ունեն լուրջ հաջողություններ և զգալի վերհսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսային շրջաններում: Բաշար Ասադի` պատերազմի մասին հայտարարությունը միաժամանակ վկայում է, որ սիրիական իշխանություններն իրենց իրավունք են վերապահում դիմելու ավելի վճռական ու անխնա ռազմական գործողությունների:

Ուշագրավ է, որ թուրքական աղբյուրները և արևմտյան մամուլը անընդհատ շրջանառում է սիրիական բանակի դասալիքների մասին տեղեկությունները` դա ներկայացնելով որպես զանգվածային բնույթ ունեցող երևույթ: Թուրքերն անընդհատ խոսում են սիրիական բանակի 33 դասալիքների ու նրանց ընտանիքների և մի քանի օր առաջ Հորդանան փախած ռազմական օդաչուի մասին: Մինչդեռ այլ աղբյուրների համաձայն, սիրիական բանակը և նրա ղեկավարությունը հավատարիմ է իշխանությանը: Ասադի հանձնարարությամբ բարձրացվել է զինվորականների աշխատավարձը և կանոնակարգվել վճարումը:

Սիրիայի իշխանությունները կարծես թե վճռական են տրամադրված նաև Արևմուտքի հանդեպ: Իր ելույթում Ասադը քննադատել է արևմտյան երկրներին. «Արևմուտքը միշտ պահանջում է, սակայն երբեք դրա փոխարեն ոչինչ չի տալիս: Դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել է»,— ասել է նա: Իսկ հունիսի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ, երբ Ժնևում քննարկվել է Սիրիային վերաբերող զեկույցը, ի նշան բողոքի սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը: «Մենք չենք մասնակցելու այս ակնհայտ քաղաքականացված նիստերին»,— հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքում Սիրիայի ներկայացուցիչ Ֆեյսալ Հաբազ Համուին:

Դատելով փաստերից` Սիրիայի իշխանությունները վճռական են տրամադրված և չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը: Ապստամբները նույնպես պատրաստվում են երկարատև պայքարի և փորձում ամեն գնով վերցնել նախաձեռնությունը: Նշենք, որ նրանք օրեցօր դառնում են ավելի համարձակ. հունիսի 26-ին ապստամբները հարձակում են ձեռնարկել Նախագահական գվարդիայի բազայի վրա, որը նախագահ Ասադի նստավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է` Դամասկոսի արվարձաններից մեկում: Բախումներ են տեղի ունեցել նաև Բարզեհում` մայրաքաղաքից 3 մղոն դեպի հյուսիս-արևելք:

Նույն օրը պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Դամասկոսի Ադավի արվարձանից, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ռուսական խորհրդականներն են բնակվում, զինյալներն առևանգել են Սիրիայի ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ֆարաջ Շիհադա ալ-Մաքաթին (Farage Shihada al-Maqat): Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա Մաքաթին կլինի ամենաբարձրաստիճան զինվորականը, որն ապստամբության ընթացքում առևանգվել կամ սպանվել է:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նաև հաղորդում է, որ հունիսի 27-ին ապստամբները հարձակվել են Դամասկոսում գտնվող «Ալ-Իհբարիյա» հեռուստաընկերության վրա: Նրանք սպանել են անվտանգության աշխատակիցներին, ջարդել տեսասրահները և հեռուստատեխնիկան: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իմադ Սարան ռուսական «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ այս ահաբեկչությունը նման է լիբիական ապստամբների գործելաոճին: «Հեռուստատեսության շենքին նրանք մոտեցել են մեքենաներով, որոնց վրա գնդացիրներ էին տեղադրված, ներխուժել են շենք, կապել պահակներին և դաժանորեն սպանել նրանց: … Պատերազմը Սիրիայում փորձում են վարել «լիբիական սցենարով»: Այնտեղ նույնպես ահաբեկիչները հարձակվում էին հեռուստաընկերությունների վրա: Սակայն մենք շարունակելու ենք մեր հեռարձակումը»,— ասել է նա:

2 responses to “Սիրիայում արդեն պաշտոնապես պատերազմ է

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *