Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները մարտական կրակով ավարտել են մարտի 30-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին ներգրավված էր մոտ 600 զինծառայող, 150 միավոր ռազմական տեխնիկա: Այս մասին տեղեկացնում է 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:
«Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում անցկացված վարժանքների ժամանակ ռազմաբազայի անձնակազմը համագործակցել է նաև Հայաստանի զինված ուժերի, ուժային կառույցների, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ ստորաբաժանումների հետ:
Զորավարժության սցենարով՝ ռազմաբազայի ստորաբաժանումները պահել են մարտական բնագծերը, այնուհետև, անցնելով հակահարձակման, «չեզոքացրել» են պայմանական հակառակորդին: «Հակառակորդի» դեմ հակահարձակման ժամանակ ռազմաբազայի ստորաբաժանումները օգտագործել են Մի-24 հարվածային ուղղաթիռներ, ՄիԳ-29 կործանիչներ, «Ստրելա-10» և դյուրակիր «Իգլա» զենիթահրթիռային համալիրներ և այլ զինատեսակներ, որոնցով մարտական կրակ են վարել զորավարժության ավարտին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23 մարտի ” 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան անցկացրել է հակաօդային պաշտպանության զորավարժություն | Ռազմ.info