Տաջիկստանը ՌԴ-ից 1,23 մլրդ դոլարի ռազմական օգնություն կստանա

Ռուսաստանը պատրաստ է առաջիկա տարիներին Տաջիկստանին 70 միլիարդ ռուբլիի (1,23 մլրդ ամերիկյան դոլար) սպառազինություն տրամադրել՝ որպես աջակցություն ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը գլխավորում էր Տաջիկստանի արտգործանախարարը: Հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը:

Տաջիկստանի ԶՈւ

Տաջիկստանի ԶՈւ

ՀԱՊԿ-ի անունից Տաջիկստանը ստանալու է կապի միջոցներ, թեթև սպառազինություն, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ, հրետանի ու զենիթահրթիռային համալիրներ:

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ քննարկվել են նաև միջազգային քաղաքականության արդիական խնդիրները, այդ թվում՝ հակաահաբեկչական պայքարի, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նման խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Մասնակիցները նշել են, որ ԻՊ զինյալներն արդեն փորձում են ներխուժել Տաջիկստան, ինչը կարող է հանգեցնել Միջին Ասիայում անկայունության ալիքի տարածմանը, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Տաջիկստանի հարավային սահմանների, որպես ՀԱՊԿ-ի սահմանների, պաշտպանության խնդիրը լուրջ վտանգի տակ կդրվի, եթե «Իսլամական պետությունը» միանա Տաջիկստանի հարավային հարևան Աֆղանստանում ավանդաբար գործող «Ուզբեկստանի իսլամական շարժում», «Թուրքեստանի իսլամական շարժում» և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպություններին:

Հավելենք, որ ՀԱՊԿ անդամները Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանը վերահսկելու համար աջակցություն էին խոստացել դեռևս 2013–ին, բանակի արդիականացմանն աջակցելու շուրջ դրական արդյունքներով բանակցություներ են ընթացել նաև 2014-ի ամռանը, սակայն տրամադրվելիք օգնության հստակ չափերը պարզ են դարձել միայն վերջին հանդիպման ժամանակ:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:

2 responses to “Տաջիկստանը ՌԴ-ից 1,23 մլրդ դոլարի ռազմական օգնություն կստանա

  1. Pingback: ՌԴ 201-րդ ռազմաբազայում պատրաստում են Տաջիկստանի ԶՈւ կրտսեր մասնագետներ | Ռազմ.info

  2. Pingback: 2017թ. Ռուսաստանը Տաջիկստանին մեծ քանակությամբ ավիացիոն տեխնիկա կմատակարարի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *