Նախորդ շաբաթ Ռուսաստանի Աստրախանի մարզի Կապուստին Յառ զորավարժարանում ՌԴ ԶՈւ հարավային օկրուգի՝ Հայաստանում տեղակայված հակաօդային պաշտպանության զորամիավորումները Ս-300 զենիթահրթիռային համակարգերով վարժանքներ են անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային օկրուգի մամուլի ծառայությունը:
Զորավարժության ժամանակ մասնակիցները կատարել են 150-ից ավելի հետախուզական, բացահայտման ու ապահովման առաջադրանք, ոչնչացվել է պայմանական թշնամու մոտ 500 տարբեր առանձնին և խմբային թիրախ:
Մարտական կրակոցներով վարժանքների 60տոկոսն իրականացվել է գիշերային ժամերին: Մշակվել են հաշվարկների հրամանատարների՝ մարտական պատրաստվածության բարձրագույն աստիճանի բերելու, անձնակազմի հմտությունների կատարելագործման, ինչպես նաև փոխգործակցության կազմակերպման հարցերը:
Զորավարժության նախապատրաստման փուլում մշակվել են նաև կապի ապահովման, կրակային դիրքերի և տեխնիկայի քողարկման հարցերը, ինչպես նաև տեխնիկան մարտական դիրքի բերելու նորմերը:
Նշենք, որ մարտին Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները Հայաստանի Արագածոտնի մարզում տեղակայված «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում ևս անցկացրել էր մարտական կրակով հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավվել են մոտ 600 զինծառայող, 150 միավոր ռազմական տեխնիկա:
Ավելացնենք, որ խորհրդային/ռուսաստանյան Ս-300-ը հակաօդային պաշտպանության ամակարգերի ընտանիք է՝ մի շարք տարբերակներով ու արդիականացումներով: Համակարգերը նախատեսված են վարչական, արդյունաբերական, ռազմական կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանության համար: Դրանք ունակ են խոցել ինչպես բալիստիկ, այնպես էլ աերոդինամիկ թիրախներ տարբեր հեռավորությունների ու բարձրությունների վրա՝ կախված արդիականացումից: