Այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին և ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է Նովակովսկիին՝ դեսպան, իսկ գնդապետ Մարինովսկիին՝ ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ։
Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը։
Դեսպան Նովակովսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը Լեհաստանի համար համարվում է կարևոր գործընկեր, և մասնավորեցրել, որ իր երկիրը շարունակելու է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան պահպանել։
Հավելենք, որ 2014թ. հոկտեմբերի 16-ին Չարենցավանում պաշտոնապես բացել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունը։
Նշենք, որ հայ-լեհական համատեղ ձեռնարկությունը զբաղվելու է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրելու է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք: Ընկերության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Ռազմական հանրագիտարանում:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info