Թուրքիայի ոստիկանությունը պարզել է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող ոստիկանատան վրա հունվարի 30-ին կալաշնիկով ինքնաձիգով կրակած կինը Թուրքիայում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամ է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ դեյլի նյուզ» լրատվական կայքը:
Ահաբեկչական գործողության արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Ականատեսներն ահաբեկչին նկարագրելիս նշել են, որ նա եղել է շիկահեր, մոտ 160 սմ հասակով կին, ով դեպքից հետո նետել է ինքնաձիգը և փախել: Ահաբեկչին և վերջինիս գործողությունները նկարահանել է նաև մոտակայքում գտնվող աշխատանքային գրասենյակի տեսախցիկը: Հավաքված տեղեկությունների արդյունքում՝ գործով զբաղվող ոստիկանական խումբը հայտարարել է, որ ահաբեկիչը «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» ահաբեկչական խմբավորման անդամ Էլիֆ Սուլթան Քալսենն է, ում անունն առաջին անգամ չէ, որ շրջանառվում է Թուրքիայում իրականացված ահաբեկչական գործողության շրջանակներում:
Նշենք, որ այս տարի հունվարի 6-ին կին ահաբեկիչը «մահապարտի գոտիով» ահաբեկչական գործողություն էր իրականացրել Ստամբուլի կենտրոնի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում, ինչի արդյունքում բացի մահապարտից զոհվել էր նաև 1 ոստիկան, ևս 1-ը վիրավորվել էր: Այս պայթյունի պատասխանատվությունն ավելի ուշ ստանձնել էր վերոնշյալ ահաբեկչական կազմակերպությունը, հայտնում է թուրքական «Today’s Zaman» լրատվական կայքը՝ հավելելով, որ այն իրականացվել էր 2014-ի ամռանը Ստամբուլում անցկացված «Գեզի այգու» հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ սպանված 15-ամյա Բերքին հիշատակին:
Այս դեպքի ժամանակ ևս ենթադրվում էր, որ մահապարտը Քալսենն է, սակայն վերջինիս ծնողները, այցելելով դիահերձարան, հերքել էին մեղադրանքը և նշել, որ մահացածն իրենց դուստրը չէ: