ՊԲ-ն հայտնում է շաբաթվա ընթացքում հակառակորդի 14 զոհի և 20-ից ավելի վիրավորի մասին

Պաշտպանության բանակն այսօր` հունվարի 24-ին, հրապարակել է շաբաթվա ընթացքում առաջնագծում իրավիճակի մասին օպերատիվ տվյալները, ըստ որոնց՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, կորուստներ կրելով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

Անդրադառնալով ադրբեջանական կորուստների չհրապարակման քաղաքականությանը՝ ՊԲ-ն նշում է, որ Ադրբեջանի իշխանություններն ամբողջությամբ կասեցրել են սեփական զինված ուժերում զոհված զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակում, ու հայտնում է. «Հայկական կողմի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող “Սադկո” տիպի մեկ մարդատար ավտոմեքենա»:

Նշենք, որ շաբաթվա ընթացքում հակառակորդի դիվերսիաների և կրակոցների հետևանքով, ցավոք, կորուստներ է ունեցել նաև Պաշտպանության բանակը:

Հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել էր զինծառայող Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող Նահապետ Ասատրյանը, վիրավորվել է Հովհաննես Գասպարյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *