Էրեբունի օդանավակայանում տեղակայման համար նախատեսված ուղղաթիռները սկսել են պլանային թռիչքները

Հայաստանի Էրեբունի ռազմական օդանավակայանում տեղակայման համար նախատեսված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ ավիացիոն բազայի ուղղաթիռային էսկադրիլիայի անձնակազմը պլանային թռիչքներ է իրականացնում Ռուսաստանի Ռոստովի շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Մի-24 հարվածային ուղղաթիռ

Մի-24 հարվածային ուղղաթիռ

Վարժանքներին մասնակցում են շուրջ 100 օդաչու և թռիչքների համար պատասխանատու այլ մասնագետներ։

Ուղղաթիռային էսկադրիլիայի անձնակազմն ու  տեխնիկան Էրեբունի կբերվեն այն ժամանակ, երբ ավարտվեն թռիչքահարթակների, ինչպես նաև կայանման և սպասարկման կենտրոնների կառուցումը։

Տեղեկացնենք, որ դեռ 2014թ հունվարի սկզբին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի բաղադրիչ Էրեբունի օդանավակայանում օկրուգի հրամանատարությունը կազմավորում է Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիա։ Պլանով նախատեսված բոլոր  ուղղաթիռների տրամադրումն Էրեբունի օդակայանին նախատեսված էր ավարտել 2014 թվականին։

Ռազմաբազան մինչև այս հագեցած էր միայն ՄիԳ-29 կործանիչներով, որոնք նախատեսված են ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում մարտական ծառայություն իրականացնելու համար։

ՀՌՕ մամուլի ծառայությունից շեշտել էին, որ ուղղաթիռների նոր էսկադրիլիան ծրագրված է կիրառել մեծ թվով գործողությունների իրականացման, այդ թվում՝ զորքերի ավիացիոն աջակցման, ռուսաստանցի զինծառայողների տեղափոխության համար։

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի երկրորդ կեսին ՀՀ պաշտպանության նախարարության՝ կառավարությանը տրամադրված տեղեկանքում նշվում էր, որՌԴ-ն Հայաստանին է փոխանցելու 18 միավոր ուղղաթիռ, իսկ ռուսական կողմն առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։

Բացի այդ, 2013թ նոյեմբերի վերջին ՀՀ հարավարևելյան ուղղության դիրքեր կատարած այցի ժամանակ Սեյրան Օհանյանը, պատասխանելով  Ռազմինֆոյի  հարցին, նշել էր. «ՌԴ ԶՈւ և ՀՀ ԶՈւ սպառազինման պլանների ու համաձայնագրերի համաձայն՝ մենք համալրում ենք զինտեխնիկայով։ Ես առայժմ չեմ ուզում ներկայացնել, թե ինչ տեսակի ուղղաթիռներ են լինելու, բայց ասեմ, որ համալրվում է ինչպես ռուսական ռազմաբազան, այնպես էլ ՀՀ ԶՈւ-ն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *