ՌԴ-ն կարող է ռազմական ուղղաթիռներ տրամադրել ՀՀ-ին

Հայաստանի կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը։

ՀՀ պաշտպանության նախարարության՝ կառավարությանը տրամադրված տեղեկանքում նշվում է, որ ՌԴ-ն Հայաստանին է փոխանցելու 18 միավոր ուղղաթիռ և ռուսական կողմը առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը։

 ՀՀ կառավարության արձանագրությունում նշված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով 1996թ. սեպտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) դրույթներով և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված արձանագրությամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխությունը, համաձայնեցին հետևյալի մասին.

Հոդված 1

Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծված միջպետական հանձնաժողովի նիստում փոխանցվում են.

  1. Ռուսական կողմին-Գյումրի քաղաքի Սվերդլովի 222 փողոցի N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը` (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները և «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ) դրանք ներառելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի Ցանկում:
  2. Հայկական կողմին-Շիրակի մարզի Հացիկ գյուղի N 1 ռազմական ավանը՝ հանելով այն Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի Ցանկից:

 Հոդված 2

 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված արձանագրության Հավելվածը շարադրել սույն Արձանագրության Հավելվածին համապատասխան խմբագրությամբ:

Հոդված 3

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու ամսաթվից»։

Ներկայացնում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկանքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 արձանագրության կնքման նպատակահարմարության վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի առկա տեղաբաշխման կետերը սահմանված են 1996 թվականի սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման և գործառնման համար հողամասերի հանձնման և օգտագործման կարգի մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) և 2012 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությամբ (այսուհետ՝ Արձանագրություն): Ցանկում տեղաբաշխման կետերը նշված են որպես ռազմական ավաններ:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Համաձայնագրով սահմանված ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոփոխվել է նաև ռազմակայանի տեղակայման կետերը, որի հետևանքով Համաձայնագրում համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2000 թվականի սեպտեմբերի 27-ին, 2003 թվականի նոյեմբերի 11-ին, 2005 թվականի նոյեմբերի  30-ին և  2007 թվականի սեպտեմբերի 25-ին ստորագրված արձանագրություններով:

2012 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրվել (Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցված են ճանաչվել 2000 թվականի սեպտեմբերի 27-ին, 2003 թվականի նոյեմբերի 11-ին, 2005 թվականի նոյեմբերի 30-ին և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին ստորագրված արձանագրությունները) և ՀՀ Նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի ՆՀ-304-Ն հրամանագրով (Հայաստանի Հանրապետության համար) ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունը, որով հայկական կողմին կվերադարձվեն 10 ռազմական ավաններ և դրանց տարածքում տեղակայված անշարժ գույք: Դրանց վերադարձման նպատակով ս.թ. ապրիլի 24-27-ը Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը (Հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատվեց ՀՀ Նախագահի 2013 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-68-Ա հրամանագրով), որի ընթացքում ստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրությամբ նախատեսված հողատարածքների և անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը:

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությամբ Կողմերի վրա դրվում են մի շարք պարտավորություններ, մասնավորապես վերջիններս միմյանց պետք է փոխանցեն որոշ հողատարածքներ: Ռուսական կողմը առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը և այդ նպատակով ս.թ. նոյեմբերին ծրագրվել է ՀՀ-ին տրամադրել 18 ուղղաթիռներ: Այդ նպատակով «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման նպատակով պլանավորվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի /էսկադրիլիայի/ կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ): Այս նպատակով էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պատրաստվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ N 1 Արձանագրության նախագիծը (այսուհետ՝ Արձանագրության նախագիծ):

Արձանագրության նախագծում կատարվող փոփոխությունների նպատակն է հստակեցնել և փաստացի վիճակին համապատասխանեցնել ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, ինչպես նաև իրավական հիմք ստեղծել նշված ռազմական ավանները և չօգտագործվող հողատարածքները սահմանված կարգով հայկական կողմին վերադարձնելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում սկսել Արձանագրության կնքման նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը:

ՀՀ պաշտպանության նախարար

One response to “ՌԴ-ն կարող է ռազմական ուղղաթիռներ տրամադրել ՀՀ-ին

  1. Pingback: Էրեբունի օդանավակայանում տեղակայվելիք ՌԴ 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռային էսկադրիլիայի անձնակազմը վարժանքներ է անում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *