Հունվարի 14-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:
Հայկական կողմը ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին ուղեկցել է առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ելնելով անվտանգության նկատառումներից, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը:
Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):
Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Pingback: Արցախ նախագահն ու արտգործնախարարն ընդունել են Անջեյ Կասպրշիկին | Ռազմ.info