Թուրքիան ու ԱՄՆ-ն կարող են Սիրիայի ապստամբներին մարզելու համատեղ ծրագիր սկսել մարտին

Թուրքիան և ԱՄՆ-ը պատրաստ են այս ամիս համաձայնեցնել ծրագիրը, որով նախատեսում են համատեղ զինել և մարզել Սիրիայի ապստամբներին, որոնց դիտարկում են որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի մի մաս, հայտնում է ամերիկյան New York Times պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին:

ՍԱԲ ապստամբներ. աղբյուրը՝ Վիքիպեդիա

ՍԱԲ ապստամբներ. աղբյուրը՝ Վիքիպեդիա

Մարզումների ծրագիրը, որ նախատեսված է անցկացնել Թուրքիայում, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում, նախատեսվում է սկսել 2015-ի մարտի վերջին և տևելու է 3 տարի: Մարզումներ անցկացնելու համար վերոնշյալ երկրներ են ժամանելու նաև սահմանափակ թվով ամերիկացի զինվորականներ:

Թուրք և ամերիկացի պաշտոնյաները դեռ չեն համաձայնեցրել մարզումների մանրամասները, մեթոդներն և չափորոշիչները:

Հետաքրքրական է նաև, որ միևնույն ծրագրի մասնակիցների թվի վերաբերյալ տվյալները բավականին իրարամերժ են. New York Times-ը հաղորդում է, որ մարզումներին 3 տարվա ընթացքում մասակցելու է 15000 սիրիացի՝ տարին 5000 հոգի, իսկ թուրքական «Անադոլու» գործակալությունը նշում է  տարին 500-ից 2000  ապստամբերին մասին:

ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակ Ջեն Փսաքին հունվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է որևէ մանրամասնություն հայտնել այս ծրագրից:

New York Times պարբերականի աղբյուրը նշում է, որ թուրքական կողմի պայմաններից մեկն այն է, որ մարզումներից հետո սիրիացիները պետք է միաժամանակ պայքարեն և՛ ԻՊ, և՛ Ասադի ռեժիմի դեմ, քանի որ այդ ուժերն ի սկզբանի ստեղծվել են հենց Ասադի դեմ պայքարելու համար:

Ավելացնենք, որ Թուրքիան աջակցություն է ցույց տալիս սիրիացի ապստամբերին մարզելու ծրագրին, սակայն պնդում է, որ Սիրիայում պետք է հաստատվի ոչ թռիչքային գոտի՝ ապահովելու Թուրքիայի անվտանգությունը: Այս նախապայմանը արդիական է եղել դեռևս անցած տարի և քննարկվել է մասնավորապես ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի Թուրքիա այցի ժամանակ:

One response to “Թուրքիան ու ԱՄՆ-ն կարող են Սիրիայի ապստամբներին մարզելու համատեղ ծրագիր սկսել մարտին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 4-10 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *