Ռազմաշաբաթ. Թուրքիա. 4-10 հունվարի, 2015

Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը • «Գումար ծառայության փոխարեն» ծրագրի համար դիմել է 66 հազար քաղաքացի • Գերմանական Patriot-ները կարող են Թուրքիայում մնալ ևս մեկ տարի • Պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողով • Անլար կապի համակարգ թուրքական ժանդարմերիայի համար • Քաբուլի օդանավակայանի հսկողությունը ստանձնել է թուրքական անձնակազմը • Սիրիայի ապստամբներին մարզելու Թուրքիայի ու ԱՄՆ-ի համատեղ ծրագիր • Թուրքական բանակում զինծառայողը սպանել է համածառայակցին • Թուրք-քրդական նոր բախումներ • Թուրքիայի տարածքով Քոբանի կուղարկվի քրդական փեշմերգեի երրորդ խումբը • Ձերբակալվել է Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձ • Գյուլենական շարժումը գրանցվել է «Կարմիր գրքում» • Թուրքիայի դեսպանների 7-րդ կոնֆերանս

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը փորձում է «Մեհմեթչիք-2» ինքնաձիգի նշանառության համակարգը

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը փորձում է «Մեհմեթչիք-2» ինքնաձիգի նշանառության համակարգը

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի հունվարի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 682 հազար մարդ է, որը 5 հազարով ավելի է նոյեմբերի ցուցանիշից։

• Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ դեկտեմբերի 13-ին մեկնարկած «գումար ծառայության փոխարեն» ծրագրից հունվարի 8-ի դրությամբ օգտվել է Թուրքիայի մոտ 66 հազար քաղաքացի։ Օրենքից օգտվելու վերջնաժամկետը 2015-ի փետրվարի 13-ն է։

• Գերմանիայի կառավարությունը հունվարի 7-ին որոշել է ևս մեկ տարով երկարաձգել գերմանական Patriot համակարգերի տեղակայումը Թուրքիա-Սիրիա սահմանին՝ Ադանա քաղաքում, ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի օդային սահմանը պաշտպանելու առաքելության շրջանակներում: Մինչ այդ, սակայն, որոշումը պետք է հաստատի նաև Գերմանիայի խորհրդարանը:

• Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ 2015-ի հունվարի 7-ին անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել է անցնել  MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ: Ժողովի ընթացքում որոշվել է նաև F-35 կործանիչների պատվերի թիվը հասցնել 6-ի, պատվիրել ևս 5 միավոր  CH-47F «Չինուք» բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև արդեն երկու տարի ձգվող մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթը շարունակել և կրկին բանակցել բոլոր կողմերի հետ։

• 2014-ի դեկտեմբերի 30-ին Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը թուրքական ռազմարդյունաբերական «Ասելսան» ընկերության հետ մոտ 154 մլն ամերիկյան դոլարի պայմանագիր է ստորագրել, որով ընկերությունը անլար կապի ցանց է ստեղծելու Ժանդարմերիայի համար։ Նշվում է, որ «Ասելսանի» ստեղծած կապի համակարգը լավ պաշտպանված է լինելու, և անհնար է լինելու գաղտնազերծել ներցանացային խոսակցությունները։

• Թուրքիայի խորհրդարանը հունվարի 5-ին լիազորել է կառավարությանն առաջիկա երկու տարիներին ևս զորքեր ուղարկել Աֆղանստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գլխավորած «Վճռական աջակցություն» նոր առաքելությանը: Նոր առաքելության շրջանակներում Աֆղանստանում ծառայելու է թուրքական զինված ուժերի շուրջ 900 հոգանոց անձնակազմ, որը հսկելու է Քաբուլի միջազգային օդանավակայանը:

Ֆրանսիական ուժերը Քաբուլի օդանավակայանի հսկողությունը հանձնում են թուրքական ուժերին

Ֆրանսիական ուժերը Քաբուլի օդանավակայանի հսկողությունը հանձնում են թուրքական ուժերին

• Թուրքիան և ԱՄՆ-ը պատրաստ են այս ամիս համաձայնեցնել ծրագիրը, որով նախատեսում են համատեղ զինել և մարզել Սիրիայի ապստամբներին, որոնց դիտարկում են որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի մի մաս: Մարզումների ծրագիրը, որ նախատեսված է անցկացնել Թուրքիայում, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում, նախատեսվում է սկսել 2015-ի մարտի վերջին և տևելու է 3 տարի:

• Թուրքիայի հարավ-արևմտյան Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե գավառի Սիրիայի սահմանին տեղակայված զորամասում   2015-ի դեկտեմբերի 3-ին պահակային ծառայություն իրականացնելու ժամանակ 21-ամյա թուրք զինծառայող Էմրահ Չալքընի համածառայակիցը թիկունքից կրակել է վերջինս գլխին, ինչի հետևանքով նա վիրավորվել է և մահացել հոսպիտալի ճանապարհին։

• Ջիզրեի քաղաքային իշխանությունները սկսել են քանդել ՔԱԿ-ի (PKK) երիտասարդական թևի՝ Ջիզրեի որոշ թաղամասերում փորած պաշտպանական խրամատները, ինչի արդյունքում գավառում թուրքական անվտանգության ուժերի և ՔԱԿ-ի երիտասարդական թևի ակտիվիստների միջև սկսվել են բախումներ. թուրքական ուժերի արձակած կրակոցից սրտի շրջանում վիրավորվել և մահացել է 14-ամյա քուրդ երիտասարդ, ևս երկու անձ վիրավորվել է։

• Իրաքի քրդական ինքնավարությունը պատրաստվում է Թուրքիայի տարածքով քրդական փեշմերգեի երրորդ խումբն ուղարկել Քոբանի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվելու: Խմբի թվաքանակի վերաբերյալ տվյալները հակասական են:

• Թուրքիայի անվտանգության ուժերը դեկտեմբերի 4-ին Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Սեյլանփինար քաղաքում ձերբակալել են Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձի, ովքեր կասկածվում են «Քրդական դեմոկրատական միություն» (PYD) կազմակերպությանն անդամակցելու մեջ:

• Թուրքիայի Ազգային անվտանգության 2014-ի վերջին նիստին որոշվել է Գյուլենական շարժումը գրանցել  «Կարմիր գրքում» (Թուրքիայի անվտանգության հույժ գաղտնի պետական փաստաթուղթ է, որի մեջ գրանցված են պետության թշնամիներն ու սպառնալիք համարվող կառույցները):

• Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը Թուրքիայի դեսպանների 7-րդ կոնֆերանսի ժամանակ խոսել է Սիրիայում տիրող իրադրության, «ալ-Նուսրայի ճակատի» և «Իսալամական պետության» կողմից աճող վտանգի, Թուրքիայի վրա հարձակման վտանգի աճի մասին: Կոնֆերանսի ժամանակ դեսպաններին կոչ է արվել, ելնելով մեծացող վտանգի պայմաններից, հանգիստ թողնել քրդական հարցը և գյուլենական համայնքին և շարժվել պետությունից ստացած հրահանգներով:

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *