Թուրքական բանակի ստորաբաժանումները շարունակում են տեղաշարժային ակտիվություն ցուցաբերել Սիրիայի սահմանին՝ Քոբանի քաղաքին սահմանակից հատվածում կենտրոնացնելով զրահատանկային ուժեր։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հրապարակելով նաև դրա մասին վկայող վկայող լուսանկարներ։
Երեք կողմից «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման շրջափակման մեջ հայտնված քրդաբնակ Քոբանի (Այն ալ Արաբ) քաղաքն արդեն սեպտեմբերից ի վեր թեժ մարտերի մեջ է ու այդ ուղղությունից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը կանխելու նպատակով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում որոշել են պահպանել զրահատանկային ուժերի կենտրոնացումն այս շրջանում։
Հիշեցնենք, որ Քոբանին շրջափակման մեջ չէ միայն հյուսիսից, որտեղ սահմանակից է Թուրքիային։ Վերջինիս իշխանությունները, չնայած ամերիկյան կողմի բազմաթիվ կոչերին, տևական ժամանակ հրաժարվում էին միջանցք բացել քրդական Փեշմերգե զորաջոկատների համար՝ այդպիսով հնարավորություն տալով վերջիններին օգնության հասնել քաղաքում կռվող քրդերին։
Այս դիրքորոշումը փոխվեց միայն հոկտեմբերի 20-ին. Թուրքիան տրամադրեց այդ միջանցքը՝ պայնամով, որ դրանով փոխադրվի միայն կենդանի ուժ՝ առանց զենքի։ Իսկ ահա սպառազինության մատակարարման հարցը փորձեց լուծել Միացյալ Նահանգները՝ օդային ճանապարհով զենք և զինամթերք իջեցնելով քաղաքում կռվող քրդերին։ Հարկ է նշել նաև, որ օդային գործողությունից օրեր անց հայտնի դարձավ՝ դեսանտ իջեցված զինամթերքի որոշ մասը բաժին է ընկել հենց իսլամիստներին։
Ստեղծված իրավիճակում, բնական է, որ թուրքական բանակը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացմանը ցանկացած սցենարով։ Սահմանային իրավիճակին ծանոթանալու նպատակով 2014-ի հոկտեմբերի 6-ին թուրք-սիրիական սահմանի՝ Քոբանիի հատված էր ժամանել նաև թուրքական բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հուլուսի Աքփարը։
Կարևոր է հիշել, որ Թուրքիան գրեթե անթաքույց հավակնություններ ունի Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ։ Դրա վառ վկայություններից է նաև 2014-ի մարտի 27-ին համացանցում հայտնված գաղտնի ձայնագրությունը, որում Թուրքիայի ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով այն ժամանակ երկրի արտգործնախարարն էր, իր աշխատասենյակում քննարկվում է Սիրիա ռազմական ներխուժման համար հարմար պատրվակ ստեղծելու տարբերակները։ Խորհրդակցությանը Դավութօղլուից բացի, ներկա էին նաև իր տեղակալը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալն ու ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը։
Չմոռանանք՝ Թուրքիային բազմիցս մեղադրել են Սիրիայի տարածքում կռվող իսլամիստներին աջակցելու համար։ Խոսքը մասնավորապես զինյալներին Թուրքիայի տարածքով Սիրիա ներթափանցելու հնարավորություն տալու մասին է։ 2014-ի հունվարին բրիտանական BBC հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ևս անդրադարձ եղավ այս խնդրին։ Դրանում ցուցադրված կադրերում մարդատար ավտոբուսների շարասյունը թուրքական բանակի զրահատեխնիկայի ուղեկցությամբ ուղևորվում է թուրք-սիրիական սահման։
Ամփոփելով նշենք, որ Թուրքիան, անկախ իր տված պաշտոնական մեկնաբանություններից, ունի լուրջ պատճառներ Սիրիայի հետ սահմանին բանակային ստորաբաժանումներ կենտրոնացնելու համար և ինչպես արդեն նշվեց, դրա հնարավոր նպատակը մի կողմից անկանխատեսելի զարգացումներին պատրաստ լինելն է, մյուս կողմից՝ ցամաքային ներխուժումը Սիրիա՝ պատեհ առիթի դեպքում։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info
Pingback: Թուրքիան տանկեր է կուտակել թուրք-սիրիական սահմանի հարավ-արևմտյան հատվածում | Ռազմ.info