Վրաստանի հավակնության առարկա Աբխազիան չի ընդունում ՌԴ-ի հետ համագործակցության համաձայնագրի կետերը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հետաձգել է ծրագրված այցը Բելգիա, քանի որ հոկտեմբերի 28-ին նախատեսված է երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որին նա պետք է  ներկա գտնվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազան

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 23-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան դիմել էր Մարգվելաշվիլուն՝ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը հոկտեմբերի 28-ից տեղափոխելու համար, քանի որ այդ օրը նիստին մասնակցող և զեկուցող անձանց մեծ մասը Վրաստանում չի լինելու։ Ինքն, Ալասանիան, այդ օրերին նախատեսված այցեր ունի Ֆրանսիա և Գերմանիա, իսկ Ազգային անվտանգությունում քննարկվելու է շատ կարևոր հարց և ցանկալի է համարում իր ներկայությունը, սակայն Վրաստանի ԱԱԽ քարտուղար Իրինա Իմերլիշվիլին տեղեկացրել է, որ թեպետ Ալասանիան հիմնական զեկուցողներից մեկն էր լինելու նիստում, այն կկայանա նախանշված օրը։

ԱԱԽ նիստում քննարկվելու է Աբխազիայի և Ռուսաստանի միջև նոր համագործակցության պայմանագրի նախագիծը։ Վերջինս հայտնի է Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի միջև «Համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիր» անունով։ Այն մշակել է ռուսաստանյան կողմն ու ներկայացրել Աբխազիային, որի խորհրդարանում էլ դրվել է քննարկման՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ից։ Խորհրդարանում քննարկումներն ավարտվելու են հոկտեմբերի 27-ին և համաձայն շրջանառվող կարծիքների, մինչև տարվա վերջ Աբխազիան «կփակի այդ թեման և կստորագրի» համաձայնագիրը։

Վերջինը նախատեսում է միացյալ զինված ուժերի ստեղծում՝ միացյալ հրամանատարության ներքո, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկու կողմների սեղմ համագործակցություն, սահմանների համատեղ պահպանություն, մաքսային և հարկային օրենսդրական դաշտերի համապատասխանեցում և այլն:

Նովոստի Աբխազիի լրատվակայքը, իր հերթին գրում է, որ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հանդիպել է երկրի հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների համակարգման խորհրդի ներկայացուցիչներին ու քննարկել առաջարկված համաձայնագրի նախագիծը։

Աբխազիայի նախագահի հավաստմամբ՝ թեև կարևոր է համագործակցությունը ՌԴ-ի հետ, սակայն իր պատկերացումներն այդ հարցի շուրջ տարբերվում են այն դրույթներից, որոնք ներկայացրել է ռուսաստանյան կողմը։ Խաջիմբան  նաև հայտնել է, որ աբխազական կողմը պատրաստվում է խորհրդարանի, մի շարք փորձագետների և հասարակական կառույցների հետ վերանայել համաձայնագրում նշված կետերն ու ներկայացնել դրա խմբագրված տարբերակը։

Համաձայնագրի շուրջ ծավալվող իրադարձությունները մտահոգության պատճառ են դարձել նաև Վրաստանի համար։ Թեպետ ՌԴ-ն պնդում է, որ դրանում չկա, որևէ կետ, որը պետք է առաջացնի Վրաստանի անհանգստությունը, այդուհանդերձ, ակնհայտ է, որ Աբխազիայի նկատմամբ հավակնություններ ունեցող և այն իր տարածքային ամբողջականության շրջանակներում դիտարկող Վրաստանը չի կարող սառնասրտորեն հետևել երկրամասի և Ռուսաստանի մերձեցման ևս մեկ քայլին։

«Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի միջև նախապատրաստվող միջպետական համաձայնագիրը չի վտանգում ո՛չ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ո՛չ Ժնևյան երկխոսությունը: Ոչ ոք իրավունք չունի և ի զորու էլ չէ խոչընդոտելու Աբխազիային և Ռուսաստանին բարելավելու իրենց միջպետական հարաբերությունները զարգացման ներկա փուլում, այդ թվում հետխորհրդային տարածքում և ընդհանրապես, աշխարհում ամրացող ինտեգրացիոն միտումների համատեքստում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ անդրադառնալով համաձայնագրի հետ կապված վրացական իշխանությունների բացասական արձագանքին։

Ինչպես հայտնի է, Վրաստանը 2008-ի օգոստոսին կատարեց Հարավային Օսիան սեփական կազմ ռազմական ճանապարհով վերադարձնելու անհաջող փորձ, ինչից հետո թե´ նշված վայրում և թե´ Աբխազիայում ռուսաստանյան խաղաղապահ ուժերին փոխարինելու եկան արդեն կանոնավոր բանակի ստորաբաժանումները։ Դրանից ի վեր, Վրաստանը փորձում է դիվանագիտական ճանապարհով, վերադարձնել կորցրածը, ինչի հեռանկարները, սակայն, բավական մշուշոտ են։
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանին հոկտեմբերի 19-ին հայտարարեց, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև համաձայնագրի ստորագրմանը Վրաստանը կպատասխանի «ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ»։ Որպես հնարավոր պատասխան քայլ, լրատվամիջոցները նշեցին Աբխազիայի հետ սահմանին լրացուցիչ ստորաբաժանումների տեղակայումը, սակայն այդքան էլ պարզ չէ, թե ինչ խնդիր կլուծի դրանով Թբիլիսին։

Ինչևէ, նախարար Ալասանիան նշել է, որ պատասխան գործողությունների նախագիծը պատրաստ կլինի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ը։

Հարցի մեկնաբանումից զերծ չի մնացել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, ով վերջին շրջանում հնարավոր բոլոր հարթակներում նշել է, որ ռուս-աբխազական համաձայնագիրը սպառնալիք է Վրաստանի համար և իրենք տարբեր ուղղություններով աշխատում են, որ միջազգային հանրության արձագանքն այդ հարցում լինի համաչափ։

Հոկտեմբերի 24-ին գերմանական Deutsche Welle-ին տրված հարցազրույցում Փանջիկիձեն նշել է, որ ոչ մի դեպքում հնարավոր չէ Ռուսաստանի հետ վերականգնել 2008-ից ի վեր խզված դիվանագիտական հարաբերությունները, քանի դեռ Մոսկվան Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում իր արտաքին քաղաքականությունում առաջնորդվում է նման սկզբունքներով։

2 responses to “Վրաստանի հավակնության առարկա Աբխազիան չի ընդունում ՌԴ-ի հետ համագործակցության համաձայնագրի կետերը

  1. Pingback: Վրաստանի ԱԱԽ նիստում քննարկել են ռուս-աբխազական հնարավոր համաձայնագրից բխող «սպառնալիքները» | Ռազմ.info

  2. Pingback: Աբխազիան և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *