Վրաստանի ԱԱԽ նիստում քննարկել են ռուս-աբխազական հնարավոր համաձայնագրից բխող «սպառնալիքները»

Հոկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահի Հավլաբարի նստավայրում Ազգային անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են, թե ինչպես պիտի համակարգեն անվտանգության ապահովման իրենց քայլերը, եթե ընդունվի Ռուսաստանի և Աբխազիայի միջև «Համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը»։

Վրաստանի ԱԱԽ նիստը. հոկտեմբերի 28,2014 թ Նկարը՝ civil.ge կայքի

Վրաստանի ԱԱԽ նիստը. հոկտեմբերի 28,2014 թ
Նկարը՝ civil.ge կայքի

Վրաստանյան կողմը հայտարարել էր  նիստի հրատապության մասին, այդ իսկ պատճառով Վրաստանի նախագահը նույնիսկ մի քանի օրով չհետաձգեց նիստը պաշտպանության նախարարի և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների բացակայության պատճառով։

Հանդիպմանը զեկուցողներից հայտնի է նաև Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, ով ներկայացրել է, թե ինչ քայլեր են իրականացվել միջազգային ուժերի համախմբման համար համաձայնագրին ճիշտ արձագանքելու նպատակով։

Նիստի ավարտին Վրաստանի նախագահն ու վարչապետը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ասվում է.

«Մեր քննարկման թեման, իհարկե, բարդ իրավիճակն է, որը ստեղծվել է Վրաստանի տարածքում։ Մենք քննարկել ենք ընթացիկ քայլերը, վերլուծել ենք իրավիճակն ու որոշել, թե ինչ անենք հետագայում։ Բացի այդ, նախանշվել են Վրաստանին նաև ապագայում սպասվող սպառնալիքները»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

Իր հերթին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է.

«Մենք բավական արդյունավետ քննարկում ունեցանք և պայմանավորվեցինք շարունակել համակարգված աշխատանքը։ Մենք այսօր ցույց տվեցինք, որ կարող ենք միասին աշխատել։ Չկա որևէ հարց մեր մեջ, որի շուրջ մենք չկարողանանք համաձայնության գալ։ Գոյություն ունեն մի շարք հարցեր, որի շուրջ կառավարությունը, նախագահն ու խորհրդարանը դրսևորել ու դրսևորելու են համերաշխություն»։

Տեղեկացնենք, որ մինչև Վրաստանում քննարկում են, թե ինչպես արձագանքնեն Աբխազիայի և Ռուսաստանի հնարավոր համաձայնագրին, Աբխազիայի խորհրդարանում հոկտեմբերի 13-ից քննարկվում է ՌԴ-ի առաջարկած համաձայնագիրը։ Այն մշակել է ռուսաստանյան կողմը։

Վերջինը նախատեսում է միացյալ զինված ուժերի ստեղծում՝ միացյալ հրամանատարության ներքո, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկու կողմների սեղմ համագործակցություն, սահմանների համատեղ պահպանություն, մաքսային և հարկային օրենսդրական դաշտերի համապատասխանեցում և այլն:

Ըստ Նովոստի Աբխազիի լրատվակայքի, Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հոկտեմբերի 24-ին հանդիպել է երկրի հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների համակարգման խորհրդի ներկայացուցիչներին ու քննարկել առաջարկված համաձայնագրի նախագիծը։

Աբխազիայի նախագահի հավաստմամբ՝ թեև կարևոր է համագործակցությունը ՌԴ-ի հետ, սակայն իր պատկերացումներն այդ հարցի շուրջ տարբերվում են այն դրույթներից, որոնք ներկայացրել է ռուսաստանյան կողմը։ Խաջիմբան նաև հայտնել է, որ աբխազական կողմը պատրաստվում է խորհրդարանի, մի շարք փորձագետների և հասարակական կառույցների հետ վերանայել համաձայնագրում նշված կետերն ու ներկայացնել դրա խմբագրված տարբերակը։

Աբխազիայի խորհրդարանում քննարկումներն ավարտվել են հոկտեմբերի 27-ին։ Համաձայնագրի հնարավոր ստորագրումը, ըստ վրաստանյան և ռուսաստանյան կողմերի նախատեսվում է նոյեմբերին։

Վերադառնալով Վրաստանի ԱԱԽ նիստին նիստին մասնակցել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԱԱԽ քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, ինչպես նաև Վրաստանում եվրաատլանտյան ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեկսի Պետրիաշվիլին։ Ներկա են եղել նաև խորհրդարանի երեք հանձնաժողովների նախագահներ՝ Թեդո Ջապարիձեն, Իրակլի Սեսիաշվիլին և Վիկտոր Դոլիձեն։

Վրաստանում չգտնվելու պատճառով ներկա չեն եղել Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, ֆինանասների նախարար Նոդար Հաուդրին և պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Վերջինիս դիրքորոշումն անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է այն փոխնախարարը, որն իրավասու է նման իրավիճակներում փոխարինել Ալասանիային։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ-ի հասարակայնության հարցերով բաժինը։

ՊՆ-ից հայտարարել էին, որ Ալասանիան նախատեսված պաշտոնական այցեր ուներ Ֆրանսիայում և Գերմանիայում։ ԱԱԽ նիստին չի մասնակցել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, որն էլ պաշտոնական այցով Էստոնիայում է։

Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ հույս են հայտնել, որ այսուհետ ԱԱԽ-ն խորհրդի մշտական անդամների հետ կաշխատի ավելի համակարգված։

Հետաքրքրական է, որ հոկտեմբերի 28-ի նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջին շրջանում Վրաստանի նախագահի և վարչապետի հարաբերությունները քննարկվում էին լրատվամիջոցներում։ Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչներն այդ անհամաձայնությունը կապում են 2013 թվականի հոկտեմբերին Սահմանադրության մեջ հավելումներ անելուն, ըստ որի՝ նախագահի լիազորությունների շրջանակը կրճատվել է։

Վրաստանի վարչապետն ԱԱԽ նիստերին չի մասնակցել 2014 թվականի օգոստոսի 1-ից, երբ քննարկվում էին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ու Աֆղանստանում վրացի զինծառայողների թվաքանակի կրճատումը։
Մարգվելաշվիլին այդ ժամանակ նախապես հայտարարել էր, որ նիստը կկայանա հուլիսի 21-ին, բայց վարչապետի հայտարարությունը, թե կառավարությունում կադրային փոփոխություն է լինելու, ստիպեց նրան հետաձգել մինչև օգոստոսի 1-ը։

Դա առաջին նիստն էր, որ նախագահ ընտրվելուց հետո ղեկավարում էր Մարգվելաշվիլին։ Նոր նախագահից հետո փոխվեց նաև Վրաստանի ԱԱԽ քարտուղարը, Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ այն 2013 թվականի նոյեմբերից զբաղեցնում է կին գեներալ Իրինա Իմերլիշվիլին։ Նախկինում այդ պաշտոնում էր Գիգի Բոկերիան։

Հավելենք նաև, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը «Վրացական երազանք»-ի հիմնադիրն է, մեկ անգամ չէ, որ հրաժարվել է մասնակցել ԱԱԽ նիստերին։ Այժմ Իվանիշվիլին համարում է, որ նախագահը մրցակցում է կառավարության և խորհրդարանի հետ։

2 responses to “Վրաստանի ԱԱԽ նիստում քննարկել են ռուս-աբխազական հնարավոր համաձայնագրից բխող «սպառնալիքները»

  1. Pingback: Աբխազիան և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *