Իսրայելը ներկայացրել է իր նոր՝ Orbiter 3b անօդաչու թռչող սարքը

Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը, որն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ, ներկայացրել է իր Orbiter (Օրբիտեր) ընտանիքի Orbiter 3 անօդաչուի նոր մոդիֆիկացիան՝ Orbiter 3b անօդաչու թռչող սարքը։

Orbiter 3b անօդաչու թռչող սարք

Orbiter 3b անօդաչու թռչող սարք

Այս մասին հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական կայքը՝ հղում անելով ընկերության գլխավոր մենեջեր Դենի Էշչարի խոսքերին։ Վերջինս շեշտել է՝ նոր անօդաչուն Orbiter 3-ի «մեծ եղբայրն» է դարձել։ Նոր անօդաչուի թռիչքի տևողությունը հասցվել է  7 ժամի, թևերի բացվածքը 4.2 մ է, թռիչքի հեռավորությունն ավելացվել է մոտ 50 կմ-ով՝ հասցվելով 150 կմ-ի։ Առավելագույն արագությունը 130 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 5.84 կմ։ Անօդաչուն արձակվում է ավտոմեքենայից կատապուլտի օգնությամբ , վայրէջք է կատարում պարաշյուտի կամ օդային բարձիկի միջոցով։

Orbiter 3 անօդաչու

Orbiter 3 անօդաչու

Էշչերը վկայել է, որ նոր ԱԹՍ-ն արդեն իսկ ունի 10 արտասահմանյան պատվիրատու, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ Ընդ որում, պատվիրատուների մեծ մասը ստանալու է սույն ԱԹՍ-ն՝ T-Stamp փոքր չափի օպտիկական-էլեկտրոնային հետախուզական համալիրի լրակազմով։

T-Stamp համալիրի արտադրողն իսրայելական Controp ընկերությունն է, որն իր այս համալիրն առաջին անգամ ցուցադրել է 2011-ի ամռանը Paris Air Show 2011-ի ժամանակ՝ տեղադրելով այն նույն Aeronautics Defense Systems-ի Orbiter 3 անօդաչուի վրա։

Համալիրը կշռում է 3 կգ, ներառում է գիշերային դիտարկման ինքնասառեցվող ինֆրակարմիր տեսախցիկ, ինչպես և բարձր որակի ցերեկային դիտարկման խցիկ։ Բացի այդ, T-Stamp-ն ընդգրկում է լազերային նշանառության համակարգ, որի օգնությամբ էլ անօդաչուն կարող է թիրախներ կանխորոշել մարտական ինքնաթիռների և վերգետնյա կիրառմամբ սպառազինության համար։

td-stamp1

Հարկ է նշել, որ այս համալիրի շնորհիվ՝ Orbiter 3b-ն ունակ է իր վերծանած պատկերների փաթեթները փոխանցել կառավարող օպերատորի կայանին մեկ վայրկյանում 10 մեգաբայթ արագությամբ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ նոր անօդաչուն, ըստ ստեղծողների, կարող է օգտագործվել անգամ կառավարման համակարգի խափանումներից հետո և գործարկվել առանց GPS համակարգի ազդակների։

Հավելենք, որ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքի համաձայն՝ 2009-ին պաշտոնական Բաքվի ու իսրայելական Aeronautics Defense Systems-ի միջև կնքվել է պայմանագիր՝ Ադրբեջանում հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնելու վերաբերյալ։ Գործարանը շահագործման էր հանձնվել 2011-ի գարնանը։ Գործարանի սեփականատերն Ադրբեջանի կողմից նշվում է Azad Systems ընկերությունը, որը բացվել է 2011-ի մարտի սկզբին։ Azad Systems-ին պատկանում է համատեղ գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը։ Գործարանում արտադրվում են Orbiter-2M և Aerostar անօդաչուներ, որոնցից մեկական միավոր, դատելով լուսանկարներից, ցուցադրվել է Բաքվում սեպտեմբերի 11-13-ը կայացած ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ 2013-ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 10 միավոր Orbiter-2M, մինչդեռ պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ավելի վաղ հայտարարել էր, որ 60 միավոր են արտադրելու նույն ժամանակահատվածում։

2014-ի սեպտեմբերի վերջին լուրեր էին տարածվել, որ Ադրբեջանն Orbiter 3-ի հավանական գնորդներից է լինելու, և այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Ուստի չենք կարող բացառել, որ Orbiter 3b-ի նշված 10 արտասահմանյան պատվիրատուների շարքում լինի նաև Ադրբեջանը։

Նկատենք, որ Orbiter 3-ն իր չափերով ամենախոշորն է Orbiter անօդաչուների ընտանիքում։ Այն ունի 30 կգ առավելագույն թռիչքային զանգված, թևերի բացվածքը 4.4 մ է, բարձրությունը՝ 0.2 մ, թռիչքի տևողությունը՝ մինչև 7 ժամ, արագությունը՝ 55-130 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 100 կմ, թռիչքի առաստաղը՝ 5486 մ, շարժիչը՝ էլեկտրական, օգտակար բեռնվածությունը՝ 4 կգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *