Կոնվերտոպլանից վայր ընկած ԱՄՆ զինծառայողի որոնման աշխատանքները դադարեցվել են

ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Պարսից ծոցում տեղակայված ստորաբաժանումները դադարեցրել են նախօրեին թռիչքի ժամանակ կոնվերտոպլանից դուրս թռած ու ծովում հայտնված զինծառայողի որոնման աշխատանքները: Զինծառայողը ճանաչվել է «ծովում կորած», հայտնում է ԱՄՆ ԶՈւ ռազմածովային ուժերի պաշտոնական կայքը:

Զինծառայողը ծովում էր հայտնվել այն ժամանակ, երբ ամերիկյան Makin Island ավիակրի վրայից MV-22 Osprey կոնվերտոպլանի թռիչքի ժամանակ անձնակազմը կորցրել էր թռչող սարքի կառավարումը: Վտանգ զգալով, որ կոնվերտոպլանը կարող է ընկնել ծովը՝ 4 հոգանոց անձնակազմի 2 անդամները դուրս էին ցատկել կոնվերտոպլանից ու հայտնվել ջրում: Քիչ անց կոնվերտոպլանում մնացած անձնակազմի 2 անդամները կարողացել են այն բարեհաջող իջեցնել ավիակրի վրա: Սակայն անհաջող թռիչքի ընթացքում անձնակազմի՝ ջրում հայտնված երկու անդամներից միայն մեկին է հաջողվել գտնել ու նավ բարձրացնել:

Դրանից հետո ԱՄՆ ԶՈւ ռազմածովային ուժերի ստորաբաժանումները սկսել են փնտրել անհետացած զինծառայողին: Սակայն մեկօրյա որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել ու դադարեցվել են:

Ռազմածովային ուժերի կայքը նշում է, որ անհաջող թռիչքի ժամանակ կոնվերտոպլանի անձնակազմը առաջադրանք կատարելիս է եղել: Անհայտ կորած զինծառայողի անունը ամերիկյան կողմը հրապարակելու է միայն դեպքի մասին նրա ընտանիքի անդամներին հայտնելուց 24 ժամ անց:

Նշեն, որ ամերիկյան Makin Island ավիակիրը Պարսից ծոց էր նավարկել Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումներին աջակցելու նպատակով:

Ավելացնենք, որ կոնվերտոպլանն օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։

Ամերիկյան V-22 Osoprey կոնվերտոպլանն այս դասում սերիական արտադրությամբ միակ սարքն է: Կախված մոդիֆիկացիայից՝ դրա անձնակազմը 3 կամ 4 հոգանոց է, կարող է տեղափոխել մինչև 24 դեսանտային։ Զանգվածը 15 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24-26 տոննա։

Osprey կոնվերտոպլանի մոտավոր գինը 66 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս այն ընդգրկված է ԱՄՆ սպառազինության մեջ, իսկ Իսրայելն ու Ճապոնիան արդեն պատվիրել են այս թռչող սարքերի որոշակի քանակություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *