Լիբիայում կառավարական ուժերի և իսլամիստների միջև մարտերում սպանվել է 30 զինծառայող

Հոկտեմբերի 2-ին Լիբիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Բենղազիում, մարտեր են ընթացել քաղաքի օդակայանի մերձակայքում, որոնց հետևանքով սպանվել է առնվազն 30 զինծառայող, ավելի քան 70-ը վիրավորվել են։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, բախումներ են գրանցվել իսլամիստական խմբավորումների և կառավարական զորքերի միջև։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ըստ աղբյուրի՝ ևս 4 զինծառայող սպանվել են Բենղազիի ռազմական հենակետեևից մեկում՝ քաղաքի արևելյան հատվածում։

Նշենք, որ այս հարձակմանը նախորդել են ևս երկու ահաբեկչական գործողություններ, որոնց թիրախը Լիբիայի զինծառայողներն էին։ Օդակայանի մոտ մարտերը դեռևս շարունակվում են։

Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի վերջին Լիբիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները Բենղազիում հուլիսի 30-ին կարողացել են վերականգնել վերահսկողությունն իրենց գլխավոր կայանի նկատմամբ, որն ավելի վաղ գրավել էին իսլամիստական խմբավորումների անդամները։

Բենղազիում կառավարական ուժերի և իսլամիստների խմբավորումների միջև բախումները պարբերական բնույթ են կրում հուլիսի 26-ից ի վեր։ Հուլիսի 29-30-ը միայն Բենղազիում բախումների պատճառով սպանվել է առնվազն 79 հոգի։

Շուրջ 3 տարի առաջ Լիբիայում քաղաքացիական պատերազմ էր սկսվել, որի արդյունքում գահընկեց էր արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին։ Վերջինս ղեկավարում էր Լիբիան ավելի քան 40 տարի։ Այդ օրվանից ի վեր Լիբիայում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, ինչը փորձագետները պայմանավորում են հասարակության ցեղային կառուցվածքով, թույլ կենտրոնական իշխանությամբ և իսլամիստների ակտիվ գործունեությամբ։ Այս ամենի հետևանքով Լիբիայում ձևավորվել է երկիշխանական համակարգ. մի կողմից խորհրդարանն է ու վարչապետ Աբդալլա աթ-Թանին, որի նստավայրը երկրի արևելյան Թոբրուք քաղաքն է, իսկ մյուս կողմից՝ այսպես կոչված «Համընդհանուր ազգային կոնգրես» իսլամիստներին սատարող խորհրդարանական մարմինը և նրանց կողմից ընտրված Ամր ալ-Հասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *