Ադրբեջանի տարածքում հիմնված Azad Systems ընկերությունը, որն իսրայելական Aeronautics Defense Systems-ի հետ համատեղ արտադրում է Orbiter-2M անօդաչու թռչող սարքեր, չի բացառվում, որ շուտով սկսի նաև նույն ընկերության Orbiter-3 ԱԹՍ արտադրել։
Այս մասին հաղորդում է Flightglobal պարբերականը՝ հղում կատարելով Aeronautics Defense Systems-ի մարքեթինգի և առևտրի բաժնի ղեկավարի տեղակալ Դենի Էշչարի խոսքերին։ « Azad Systems-ն արդեն արտադրում է Orbiter-2M անօդաչուներ, ադրբեջանցիներն այժմ ցանկանում են չափերով ավելի մեծ, առավել կատարելագործված տարբերակը, և մենք խոսել ենք նրանց հետ այդ թեմայի շուրջ»,-շեշտել է Էշչարը։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։
Նշենք, որ Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքի համաձայն՝ 2009-ին պաշտոնական Բաքվի ու իսրայելական Aeronautics Defense Systems-ի միջև կնքվել է պայմանագիր՝ Ադրբեջանում հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնելու վերաբերյալ։ Գործարանը շահագործման էր հանձնվել 2011-ի գարնանը։ Գործարանի սեփականատերն Ադրբեջանի կողմից նշվում է Azad Systems ընկերությունը, որը բացվել է 2011-ի մարտի սկզբին։ Azad Systems-ին պատկանում է համատեղ գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը։ Գործարանում արտադրվում են Orbiter-2M և Aerostar անօդաչուներ, որոնցից մեկական միավոր, դատելով լուսանկարներից, ցուցադրվել է Բաքվում սեպտեմբերի 11-13-ը կայացած ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ 2013-ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 10 միավոր Orbiter-2M, մինչդեռ պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ավելի վաղ հայտարարել էր, որ 60 միավոր են արտադրելու նույն ժամանակահատվածում։
Orbiter-3-ն ամենախոշորն է իր չափերով Orbiter անօդաչուների ընտանիքում։ Այն ունի 30 կգ առավելագույն թռիչքային զանգված, թևերի բացվածքը 4.4 մ է, բարձրությունը՝ 0.2 մ, թռիչքի տևողությունը՝ 7 ժամ, արագությունը՝ 55-103 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 100 կմ, թռիչքի առաստաղը՝ 5486 մ, շարժիչը՝ էլեկտրական, օգտակար բեռնվածությունը՝ 4 կգ։։ ԱԹՍ-ն կրում է էլեկտրաօպտիկական ինֆրակարմիր խցիկներ։ Անօդաչուն արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում անվտանգության բարձիկի ու պարաշյուտի համակցմամբ։
Իսրայելն անօդաչուի վերջին փորձարկումներն անցկացրել է 2014-ի փետրվարին։